Նորաշենի ղեկավարը շարունակում է պնդել, որ իրեն ապօրինաբար են հեռացրել պաշտոնից՝ «ծիրանի ծառի տակ տղավարի» խոսելուց հետո
Այս պահին դեռևս շարունակվում է Արարատի մարզպետի, բողոքող նորաշենցիների նորկայացուցիչների և Նորաշեն համայնքի ղեկավարի հանդիպումը։ Քննարկում են մարզպետի կողմից պաշտոնից Նորաշենի համայնքի ղեկավարին պաշտոնից վաղաժամկետ հեռացնելու հարցը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ մարզպետն իրեն հեռացրել է պաշտոնից։
Մարզպետի հետ հանդիպման ընթացքում Նորաշենի համայնքի ավագանու անդամը մարզպետին հորդորեց ցույց տալ այն արձանագրությունը, որով ավագանու նիստ է եղել և որոշում ընդունվել, որ Նորայր Գրիգորյանին պաշտոնից հեռացնեն, ավելին՝ նա մարզպետին կոչ արեց վերանայել ընդունած որոշումը։
Ավագանու հորդորին ի պատասխան մարզպետն ասաց, թե նա չի կարող իրեն որևէ բան հորդորել, ավագանու անդամն էլ նշեց, թե որևէ խնդիր չի տեսնում և այդ դեպքում պարզապես խնդրում է։
Նորաշենի համայնքի ղեկավարն էլ նշեց, որ եթե «ծիրանի ծառի տակ տղավարի խոսում են ու որոշում, որ ինքը պետք է պաշտոնը թողնի», ապա դա չի նշանակում, որ ավագանու նիստ է եղել և ավագանին որոշել է իրեն պաշտոնանկ անել։
Զվարթ Խաչատրյան