
Մոնտանայում արտակարգ դրություն է հայտարարված ձնատեղման պատճառով

ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին: Այդ մասին հաղորդվում է նահանգապետի կայքում:
«Աննախադեպ ձնամրրիկի կապակցությամբ, որն անակնկալ դարձավ մեզ համար սեպտեմբերին, տեղի ղեկավարությունը եւ նահանգի իշխանությունները սերտորեն համագործակցում են Մոնտանայի բնակիչների առողջությունը պաշտպանելու եւ անվտանգությունն ապահովելու նպատակով»,- մամուլի տեղեկագրում մեջբերված է Բուլոքի խոսքը: Տարերքը Մոնտանա է բերել քամու ուժգին պոռթկումներ եւ ձյան առատ տեղումներ. առանձին շրջաններում գրանցվել են մոտավորապես 100 մմ տեղումներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, փակվել են ճանապարհներ:
«Ձնամրրիկը նաեւ կարող է հեղեղում առաջացնել նահանգում»,- նշում են տեղի իշխանությունները: Ինչպես հայտնել է CBS հեռուստաընկերությունը, օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մոնտանայի բնակիչներին անբարենպաստ եղանակ է սպասում նաեւ սեպտեմբերի 30-ին: Այդ կապակցությամբ բազմաթիվ դպրոցներ փակ կլինեն: Ինչպես ակնկալվում է, սովորական աշունը նահանգ կվերադառնա շաբաթվա վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: