Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետի և նրա տիկնոջ տրվել է պաշտոնական ճաշ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգարժան տիկին Հո,
Սինգապուրի պատվիրակության հարգելի ներկայացուցիչներ,
Կառավարության հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ, պարոն վարչապետ, և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:
Ձեր այցը հիրավի վկայում է մեր երկրների միջև աճող երկկողմ և բազմակողմ կապերի և բարեկամական համագործակցության զարգացման և ընդլայնման մասին:
Մեզ՝ հայերիս համար Սինգապուրը, իհարկե, մի երկիր է, որի հանդեպ մենք առանձնահատուկ ջերմ զգացումներ ունենք: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, հայերը պատմական սերտ առնչություններ ունեն Սինգապուրի հետ: Եվ այս տարվա հուլիսին Սինգապուր կատարած այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ Ձեր երկրում բացառիկ հոգատարություն է ցուցաբերվում հայկական ժառանգության հանդեպ:
Պարոն վարչապետ,
Հարգարժան հյուրեր,
Մենք հավատացած ենք, որ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև հոկտեմբերի 1-ին ազատ առևտրի մասին կնքվելիք համաձայնագրերն արդյունավետ գործիք կհանդիսանան առևտրի և տնտեսության բնագավառում մեր երկրների միջև համագործակցության և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման համար:
Ինչպես դուք նշել էիք վերջերս ինձ հասցեագրված Ձեր նամակում, «Հայաստանը և Սինգապուրն ազատ առևտրի ջատագովներ են մեր տարածաշրջաններում»: Լիովին կիսում եմ Ձեր այս տեսակետը:
Մենք ջանքեր ենք գործադրում կամրջելու մեր տարածաշրջանում գործող բազմակողմ կառույցների գործունեությունը, ավելացնելու միջմարդկային շփումները, ապրանքների, ծառայությունների և կապիտալի հոսքերը՝ համընդհանուր բարեկեցության հասնելու և գալիք սերունդներին՝ լավ ապագա ապահովելու համար:
Ավարտելով խոսքս, կուզենայի նշել նաև, որ Ձեր այցը հետաքրքիր զուգադիպությամբ տեղի է ունենում տարվա այս հրաշալի եղանակին: Մեզ մոտ այն կոչվում է «ոսկե աշուն»:
Մաղթում եմ, որ մեր «ոսկե աշուն»-ը՝ զուգակցված հայ ժողովրդի ջերմությամբ և կենսասիրությամբ, զարդարի Ձեր օրերը Հայաստանում՝ պարգևելով անմոռանալի հիշողություններ և գեղեցիկ տպավորություններ: Անշուշտ, ցանկանում եմ նաև, որ դուք ըմբոշխնեք մեր ավանդական հայկական հյուրասիրությունն ու ազգային խոհանոցը:
Եկեք միասին բաժակ բարձրացնենք ի պատիվ հայ-սինգապուրյան կապերի նշանավոր պատմության, ի նշան մեր պետությունների ներկայիս բարեկամական հարաբերությունների և ապագա համագործակցության ընդլայնման ու խորացման համար:
Շնորհակալություն»:
Վարչապետ Լի Սյեն Լունն իր բաժակաճառում նշել է.
«Մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Հարգարժան տիկին Աննա Հակոբյան,
Հարգելի հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ եմ պարոն վարչապետին Հայաստան այցելելու հրավերի, ինձ և մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Երջանիկ եմ գտնվել այս չնաշխարհիկ երկրում, որտեղ ապրում և արարում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը։
Հայրս Երևան այցելեց տասը տարի առաջ։ Վերադառնալով՝ նա ինձ պատմեց ձեր երկրի գեղեցկության և ժողովրդի առատաձեռնության մասին։ Նա ևս բարձր էր գնահատում իրեն ցուցաբերված ջերմ հյուրընկալությունը։ Այդ այցը նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Հայոց Վեհափառի հետ նրա հանդիպման լուսանկարը առ այսօր փակցված է Սինգապուրի հայկական եկեղեցու պատին։ Ես անչափ երջանիկ եմ Հայաստան այցելելու և մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության համար։
Հայաստանը շատ բան ունի տալու մեզ. նախ և առաջ որակյալ և կրթված աշխատուժ ունեք։ Ձեր որակյալ մասնագետներն ընդգրկված են աշխարհի բազմաթիվ համալսարաններում և ընկերություններում։ Բացի այդ, դուք նորարարների ազգ եք, մասնավորապես, հայերն են ստեղծել MRI բժշկական սարքավորումը և ATM բանկային մեքենաները։
Դուք այսօր ունեք առաջադեմ կառավարություն՝ պարոն Փաշինյանի գլխավորությամբ, որը ցանկանում է բարելավել քաղաքացիների կյանքը, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ Հայաստանի կառավարությունը նաև կառուցողական մոտեցումներ է առաջարկում միջազգային հարաբերությունների վերաբերյալ։ Հայաստանն օժտված է նաև բնական գեղեցկությամբ և օգտակար հանածոներով։ Դուք աշխարհի ամենահին գինեգործներն եք և արտադրում եք լավագույն գինիներից մեկն աշխարհում։ Ես քիչ առաջ շամպայն համտեսեցի և անհամբեր սպասում եմ ընթրիքին մատուցվելիք նոր գինիների։
Ինչպես գիտեք, Սինգապուրն այս տարի նշում է իր 200-ամյակը։ Երկու հարյուր տարի առաջ մի անգլիացի ծովային ափ իջավ Սինգապուրում և այնտեղ հիմնադրեց ազատ նավահանգիստ։ Ուրախ եմ նշել, որ Սինգապուրի հայ համայնքն ամենահներից մեկն է մեր երկրում։ Հայերն իրենց դրոշմն են թողել ամբողջ Սինգապուրում, մասնավորապես, հայ ազգի մեր հայրենակից Խաչիկ Մովսեսն է 1845թ. հրատարակել Սինգապուրի առաջին անգլերեն օրաթերթը։ Սինգապուրի քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենագեղեցիկը հայկականն է, ուր Հայաստանի վարչապետն անձամբ այցելեց հուլիսին։ Այն կառուցվել է 184 տարի առաջ, ինչը հայկական չափանիշներով այնքան էլ հին չէ, հատկապես երբ այն համեմատում ենք Էջմիածնի Մայր տաճարի հետ, որն աշխարհի ամենահին քրիստոնեական կառույցն է, ուր ես պատրաստվում եմ այցի գնալ վաղը։
Հայաստանն ու Սինգապուրն ունեն բազմաթիվ ընդհանրություններ. երկուսն էլ փոքր պետություններ են, որոնք ստիպված են գոյության պայքար մղել խոշոր պետությունների հետ մրցակցության պայմաններում։ Մեր երկու երկրներն էլ ընդունում են բազմակողմանիության կարևորությունը, և մենք ազատ առևտրի ջատագովն ենք։ Մենք երկուստեք ողջունեցինք Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի և ծառայությունների մասին համաձայնագիրը, ինչպես նաև փոխադարձ ծառայությունների և ներդրումների մասին Սինգապուր-Հայաստան համաձայնագիրը, որը նախատեսում ենք ստորագրել հոկտեմբերի մեկին։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի հետևողական ջանքերն այդ համաձայնագրերը իրականություն դարձնելու ճանապարհին և պետք է նշեմ, որ այդ գործում ոչ քիչ անձնական ներդրում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի և Սինգապուրի միջև նոր համաձայնագիրը գալիս է լրացնելու այն համաձայնագրին, որն ստորագրվեց Սինգապուրում հուլիսին և որն ընդգրկում է զբոսաշրջությունը, կրթությունն ու մշակույթը։ Ես վստահ եմ, որ վերոհիշյալ փաստաթղթերը ճանապարհ կհարթեն մեր երկու ժողովուրդների գործարար շրջանակների և տնտեսությունների միջև ավելի սերտ կապերի հաստատման համար։
Տիկնայք և պարոնայք,
Քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տիկին Աննա Հակոբյանին և հայ ժողովրդին, ինչպես նաև սերտ համագործակցություն և ամուր գործընկերային հարաբերություններ Հայաստանին և Սինգապուրին, և վերջապես՝ նախատեսված համաձայնագրերի բարեհաջող ստորագրում։
Շնորհակալություն»։