
ՀՀ-ի ու Սինգապուրի միջև կստորագրվի ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի միջև կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» համաձայնագիր: Այս մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը:
«Այս տարի ՀՀ-ի ու Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են, ինչը գերազանց դաշտ է ստեղծել մեր ժողովուրդների միջև տարաբնույթ փոխանակումների ու փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մենք շահագրգռված ենք խորացնելու Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մեր երկու երկրներն ունեն հետաքրքիր ընդհանրություններ: Նրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով ու իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա: Այս տարվա ընթացքում մեր բարձրաստիճան շփումներն ու Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում մեր երկկողմ հարաբերությունները: Այցի ընթացքում կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» երկկողմ համաձայնագիր ՀՀ-ի ու Սինգապուրի միջև»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ հաջորդ տարի Սինգապուրում կկազմակերպվեն Հայաստանի օրեր, որը նոր խթան կլինի համագործակցության զարգացման համար: