Բաժիններ՝

«Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար». Նիկոլ Փաշինյան

Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար: Այս մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Այս համաձայանգիրը այն մասին է, որ նոր հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվում բիզնեսի համար՝ ներդրումների ու առևտուրի առումով: Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրությունը հրավիրել Սինգապուրում և Հայաստանում գործունեություն ծավալելու վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ն շատ բան ունի առաջարկելու Սինգապուրին, և Սինգապուրը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարավորություններ կան: Մենք ամեն ինչ անում ենք ուշադրություն հրավիրելու համար, մենք չենք կարող բիզնեսմենին պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առավելագույնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- ասաց Փաշինյանը:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սինգապուր էականորեն նպաստեց համաձայնագրի կնքմանը:

«ՀՀ-ն շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրվի այդ համաձայնագիրը: Այն կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրությամբ՝ ՀՀ-ի ու Սինգապուրի միջև շրջանառության ծավալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետև նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես հուսով եմ, որ երբ ծավալներն ավելանան, կապերը կշատանան, և դա մեզ հնարավորություն կտա ավելին անել միասին»,- ընդգծեց Սինգապուրի վարչապետը:

ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս