Բաժիններ՝

Այս տարվանից սկսած Ազգային կինոկենտրոնը ֆիլմերի հեռարձակման համար կվճարի հեղինակներին

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետև ֆիլմերի հեռարձակման համար հեղինակներին կվճարի հեղինակային իրավունքի համար։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստացել է այդ ամբողջ ֆիլմժառանգության իրավունքը, որոնք ստեղծվել են խորհրդային տարիներից մինչև օրս։

«Գործընթացը տեղի է ունեցել Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի օրոք։ Չնայած այդ ամենն ավելի շուտ պետք է տեղի ունենար, քանի որ Կինոկենտրոնը իրավահաջորդն է «Հայֆիլմ» կինոստուդիայի, որը ստեղծել է այդ ամբողջ ժառանգությունը։ Ասեմ ավելին՝ Կառավարության որոշմամբ, «Հայֆիլմ» կինոստուդիան ուղղակի վերանվանվել է ՀՀ ազգային կինոկենտրոն։ Սա նշանակում է, որ իր ստեղծած ամբողջ գույքը սկզբից էլ պետք է պատկաներ Կինոկենտրոնին։

Ճիշտ է, այդ ֆիլմերը միայն թվայնացվել են, բայց դեռևս վերկանգնված չեն, ինչպես մենք արեցինք «Հակոբ Հովնաթանյան», «Նռան գույնը» և այլ ֆիլմերի դեպքում։ Թվայնացված ֆիլմերը, իհարկե, այդքան էլ լավ որակով չեն, սակայն ցուցադրվում են հայկական հեռուստաընկերություններով։ Ըստ իս, նույնիսկ այդ որակով պետք է ցուցադրվեն, որպեսզի այդ ֆիլմերը հիշվեն, մինչև կարողանանք ունենալ թվային ամբողջ տեխնիկան, որպեսզի կարողանանք ողջ ժառանգությունը վերականգնել և լավ որակով ներկայացնել»,- նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

Նրա փոխանցմամբ՝ խոսքը 468 ֆիլմի մասին է, որոնք ստեղծվել են 1925 թվականից մինչև 2015 թվականը։ Ֆիլմերը տրվել են տարբեր հեռուստաընկերությունների, և այս տարիների ընթացքում առաջին անգամ հեղինակային իրավունքի համաձայն՝ ցուցադրություններից վճարներ կհատկացվեն  ֆիլմերի հեղինակներին։

«Ցուցադրությունների համար հեղինակներին տրվող վճարներն իրականացվում են Կառավարության 2007 թվականի որոշմամբ, որով սահմանվում են  ստեղծագործությունների հրապարակային կատարման և հեռարձակման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը։ Խոսքը փոքր գումարների մասին է։ Քանի որ մեկ ցուցադրությունը կարող է լինել 10 կամ 15 հազար դրամ, տարբեր հեռուստաընկերություններին տարբեր ձևաչափով է տրված»,- շեշտեց Շ. Միրզախանյանը։

Այս գործընթացն իրականացնելու համար Կինոկենտրոնում տեղի է ունեցել մեծ աշխատանք՝ հավաքագրվել են բոլոր ֆիլմերը, դրանց համար ստեղծվել է ցանկ, որտեղ ներառվել է, թե որ ֆիլմը քանի անգամ է ցուցադրվել։ Այժմ էլ իրականացվում է հաշվարկ՝ ըստ հեղինակների, քանի որ պետք է հասկանալ, թե ովքեր են հեղինակները, եթե ֆիլմերի հեղինակները ողջ չեն, ապա հեղինակային իրավունքի համար տրվող գումարները պետք է ստանան նրանց ժառանգները։

«Մեծ նշանակություն ունի ֆիլմերի ստեղծման տարեթիվը, խորհրդային տարիներից այս կողմ եղել են պայմանագրային հարաբերություններ ֆիլմարտադրողների հետ, և ըստ պայմանագրերի՝ նշված է եղել, թե որ հեղինակը որքան գումար պետք է ստանա։ Մեծ աշխատանք կա կատարելու, որն ընթացքի մեջ է, դրա վրա իրավաբանները, հաշվապահները և մեր մասնագետներն են աշխատում։ Այս տարվանից արդեն նախագիծն ուժի մեջ կմտնի»,- հավելեց Շուշանիկ Միրզախանյանը։

Նա կարևորեց, որ հայ հանդիսատեսը տեղեկանա, թե ինչեր են արվել՝ խորհրդային տարիներին ինչ ֆիլմեր են նկարահանվել, ծանոթանա դրանց հետ։
Շուշանիկ Միզախանյանը բացելով փակագծերը՝ նշեց, որ այս պահին Ազգային կինոկենտրոնն աշխատում է մեծ նախագծի վրա, որը վերաբերում է հայկական ֆիլմերի ժառանգությունը վերականգնելուն։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս