
Ամբողջ աշխարհում բանկերը հայտարարել են 60.000 աշխատակիցների կրճատման պլանների մասին

Ամբողջ աշխարհում բանկերը 2019 թվականին հայտարարել են շուրջ 60 հազար աշխատակիցների կրճատման մասին, ընդ որում գրեթե բոլոր արձակումները բաժին են ընկնում Եվրոպային:
Դա պայմանավորված է բացասական տոկոսադրույքներով եւ տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ, ինչը ֆինանսական կազմակերպություններին դրդում է ծախսերի կրճատման, նշում Bloomberg գործակալությունը: Մասնավորապես, անցյալ շաբաթ Գերմանիայի Commerzbank-ը հրապարակել է 4,3 հազար դիրքերի լուծարման մասին՝ խորացնելով երեք տարի առաջ սկսված վերակառուցավորումը: Դրա հետեւանքով հայտարարված կրճատումների թիվը հասել է 58,2 հազարի, եւ գրեթե 90 տոկոսը (ավելի քան 52,4 հազար) բաժին է ընկնում Եվրոպայի բանկերին:
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցուցանիշը կազմում է 500-ից փոքր-ինչ ավելի, Հյուսիսային Ամերիկայում՝ 2,77 հազար, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ 2,5 հազարից պակաս: Արձակումների տեմպերով առաջատարների թվում են Գերմանիայի բանկերը, որի տնտեսությունն զգալի չափով կախված է արտահանումից: Այսպես, Գերմանիայում ճյուղի խոշորագույն ներկայացուցիչ Deutsche Bank-ը մտադիր է մինչեւ 2022 թվականի վերջը հեռացնել 18 հազար աշխատակիցների: Իսպանիայի Santander-ը հայտարարել է ավելի քան 5,4 հազար աշխատատեղ կրճատելու մասին, Մեծ Բրիտանիայի HSBC-ն եւ Barclays-ը՝ համապատասխանաբար 4 հազար եւ 3 հազար, Ռուսաստանի Ալֆա-բանկը՝ 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: