ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում
Ռազմավարական զորավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը վերահսկելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է մարտական խնդիրների կատարման ընթացքը, ներկայացվել են գնդի պաշտպանության տեղամասում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքներն ու հետագա միջոցառումները:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մի շարք ցուցումներ է տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստույգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:
Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին:
Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի: «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: