«Հայկ Հարությունյանը շատ տեղեկացված էր, շատերի վերաբերյալ ինֆորմացիա ուներ». Վիգեն Հակոբյան
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ 2019թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ին ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:
«Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Հայկ Հարությունյանի մահվան պատճառների մասին, այնուամենայնիվ, քննարկում է ծավալվում սոցցանցերում: Պաշտոնական նախնական վարկածով՝ այն ինքնասպանություն է, իսկ սոցցանցերում շրջանառվում է նաև սպանության վարկածը: 168.am-ը քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ո՞ր վարկածն է առավել արժանահավատ թվում իրեն, ի՞նչ զարգացումների սպասել:
«Ընդամենը մեկ օր է անցել այդ իրադարձությունից, և մենք բոլորս ընդամենը տիրապետում ենք այն ինֆորմացիային, որը կա: Բոլոր վարկածներն էլ կարող են լինել, որովհետև տվյալ դեպքում, իրոք, Հայկ Հարությունյանը նախկին պաշտոնյա է, որը տիրապետում էր բավականին լուրջ ինֆորմացիաների, և ոչ միայն «Մարտի 1»-ի գործով, այլ շատ հարցերով ինֆորմացիաների տիրապետում էր: «Մարտի 1»-ի գործով ուղղակի մի նրբերանգ կա. այնուամենայնիվ «Մարտի 1»-ի գործով նա հասցրել էր իր ցուցմունքները տալ, և չգիտեմ՝ ավել բան ունե՞ր ասելու, որը կարող էր որևէ մեկի համար վտանգ պարունակել, հիմա դժվարանում եմ ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ բոլոր վարկածներն էլ հնարավոր են. «Մենք իհարկե, բոլորս բացառում ենք կենցաղային, սովորական մարդկային վարկածները, քանի որ գործն իրոք գնում է մի մարդու մասին, որը երկար տարիներ Քոչարյանի ժամանակ ներքին գործերի նախարար էր ու շատ տեղեկացված էր շատ հարցերի շուրջ, շատերի վերաբերյալ ինֆորմացիա ուներ: Պարզ է, որ այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ Հայկ Հարությունյանին կապում են հիմնականում «Մարտի 1»-ի գործի հետ: Ես ավելի շատ հիմա ձեռնպահ կմնայի միանշանակ որևէ վարկածից, բայց մեծ գայթակղություն կա դա քաղաքական դրդապատճառներով պայմանավորելու»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում