«Էս կնկան մի լսեք, ինքը ձեր շահերի դեմ ա». Քաղաքապետարանի աշխատակիցը՝ Սոնա Աղեկյանի մասին
Հիմա «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի առջև պահանջում են իրենց աշխատավարձերը: Երևանի ավագանու «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների անդամները զրուցում են քաղաքացիների հետ: «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանն ասում է՝ խնդրի լուծումը մայրաքաղաքային իշխանությունն արդեն գտել է, սպասում են, որ «ՍանիՏեքից» հաստիքացուցակի փաստաթուղթն ուղարկեն:
«Քաղաքապետարանը պատրաստ է վճարել ձեր գումարները, մեզ պետք է, որ «ՍանիՏեքը» Քաղաքապետարանին փոխանցի այն հաշվապահական փաստաթուղթը, որտեղ գրված կլինի, թե ում որքան է պարտք «ՍանիՏեքը»: Անցած անգամ մենք ձեզ ասացինք, որ փնտրում ենք իրավական լուծում, ու մենք այդ լուծումը գտել ենք, բայց հիմա «ՍանիՏեքը» չի փոխանցում մեզ ձեր հաստիքացուցակը և աշխատավարձերի չափերը»:
Հարցին, թե ինչո՞ւ Քաղաքապետարանը գումարը «ՍանիՏեքի» հաշվին չի փոխանցում, ավագանու անդամը պատասխանեց, որ այդ ընկերությունը վստահություն չունի:
«Մենք չենք հավատում, որ «ՍանիՏեքը» կվճարի իր աշխատակիցներին: Ընկերությունը վարկային պարտավորվածություններ էլ ունի, հնարավոր է, որ այդ գումարը բռնագանձվի և չհասնի աշխատակիցներին»:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն ասում է՝ «ՍանիՏեքից» իրեն տեղեկացրել են, որ փաստաթուղթը փոխանցել են և՛ Կոմունալ վարչություն, և՛ Ֆինանսական վարչություն, բայց ավագանու անդամները վստահեցնում են, որ Քաղաքապետարանում նման փաստաթուղթ չկա:
Ակցիան թեժ էր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանն ակցիայի մասնակիցներին կոչ արեց Սոնա Աղեկյանին չլսել:
«Էս կնկան մի լսեք, ինքը ձեր շահերի դեմ ա: Ես չեմ հասկանում՝ Դուք «ՍանիՏեքին» եք պաշտպանում: «ՍանիՏեք» ընկերության հաշիվներին դրված է կալանք»:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են նստացույց անել, մինչև իրենց հարցը լուծվի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ