Պուտինը Մադուրոյին հավաստիացրել է, որ պաշտպանում է Վենեսուելայի օրինական իշխանություններին
Ռուսաստանը պաշտպանում է Վենեսուելայի իշխանության բոլոր օրինական մարմիններին եւ հանդես է գալիս ընդդիմադիր ուժերի հետ պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի երկխոսության օգտին: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Մադուրոյի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Երկխոսությունից ցանկացած հրաժարում համարում ենք իռացիոնալ, երկրի համար վնասակար եւ բնակչության բարեկեցության համար միայն սպառնալիքներ կրող»,-ասել է Պուտինը, ընդգծելով, որ Մոսկվան միշտ էլ աջակցում էիշխանության լեգիտիմ մարմիններին:
Իր հերթին Վենեսուելայի նախագահը ասել է, թե Մոսկվան եւ Կարակասը «ապացուցել են, որ կարող են համատեղ հաղթահարել բոլոր դժվարությունները»: «Մենք պաշտպանում ենք համագործակցությունը տարբեր բնագավառներում: Խոսքը մի ամբողջ շարք ուղղությունների մասին է՝ պարենավորումը, առողջապահությունը, էներգետիկան եւ այլ բնագավառներ»,- նշել է Վենեսուելայի նախագահը:
Խոսելով Ռուսաստանի կողմից Վենեսուելային գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դա կարելի է գնահատել, որպես մարդասիրական համագործակցություն Կարակասի վրա արտաքին ճնշման ոչ դյուրին իրադրության պայմաններում: Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է նաեւ Վենեսուելայի է ներգետիկայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային նախագծերի մասին, նշելով, որ «Ռուսաստանն ընդհանուր առմամբ մոտավորապես 4 մլրդ դոլար է ներդրել այդ երկրի տնտեսության մեջ»: