
Դավիթ Տոնոյանը Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատում հետևել է զորահամալրման ընթացքին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմավարական զորավարժության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատում հետևել է զորահամալրման ընթացքին, ինչպես նաև ծանոթացել պահեստազորայինների բուժզննման արդյունքներին:
«Բայց իրենք բուժզննումը նախապե՞ս են անցել»,- սրտաբանից հետաքրքրվեց նախարարը, ինչին տրվեց դրական պատասխան:
«Դուք ուղղակի այս պահին վերջին ատյանն եք, այո՞, որ հանկարծակի եթե բողոք կա, միանգամից տեղում… շատ լավ, պարզ է: Հետազոտումն օր առաջ էր, հասկացա»,- ճշտեց Դավիթ Տոնոյանը:
Ավելի ուշ, երբ պաշտպանության նախարարը պատրաստվում էր հեռանալ, զինկոմիսարիատի բակում նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին, և կարճ զրույցից հետո, որը լսելի չէր, հորդորեց. «Մի հատ փորձեք, էլի, պարզապես, որպեսզի օրինակ ծառայեք: Պայմանավորվեցինք»:
Կարելի է ենթադրել, որ նախարարը հորդորում էր պատգամավորին մասնակցել զորահավաքային վարժանքներին:
Մարիամ Պետրոսյան