Թրամփի պաշտոնազրկումը մեծամասնության աջակցությունը չունի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում
Նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գաղափարը պաշտպանություն չի վայելում նույնիսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որը գտնվում է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության վերահսկողության ներքո: Այդ մասին են վկայում The New York Times եւ The Washington Post թերթերի կատարած եւ սեպտեմբերի 24-ին հրապարակված հաշվումները: Դրանք երկուսն Էլ կոնգրեսականներին հարցումներ են արել հանրապետական Թրամփի պաշտոնազրկման հեռանկարի նկատմամբ վերաբերմունքի հարցի շուրջ։
The New York Times-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի ղեկավարի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգի գործադրումն այս փուլում պաշտպանում է Կոնգրեսի ստորին պալատի 180 անդամ: Թիվը, որը բերում է The Washington Post-ն, էլ ավելի փոքր է՝ 172 (ընդամենը Ներկայացուցիչների պալատում կա 435 օրենսդիր): The New York Times-ի տեղեկատվությամբ՝ 72 կոնգրեսականներ չեն պաշտպանում պաշտոնազրկումը կամ էլ դեռեւս չեն կողմնորոշվել այդ հարցում, եւս 183-ից պատասխաններ առայժմ չեն ստացվել: Պաշտոնազրկումը, ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն՝ նախատեսում է պատասխանատվության ենթարկում դաշնային ծառայողներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահին, պաշտոնից հեռացնելու միջոցով, եթե «նրանք մեղավոր ճանաչվեն դավաճանության, կաշառակերության կամ այլ ծանր հանցագործությունների ու զանցանքների մեջ»:
Մեղադրանք ձեւակերպելու եւ առաջադրելու «բացառիկ առանձնաշնորհ» ունի Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսականները քվերարկություն են անցկացնում, որպեսզի հարցը հանձնեն իրենց իրավաբանական կոմիտեի քննությանը, որտեղ կատարվում է մեղադրանքների հետաքննություն: Եթե կան հիմքեր, ապա պատրաստվում է փաստական մեղադրական եզրակացություն: Կոմիտեի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է լրիվ կազմով Ներկայացուցչիների պալատի քննարկմանը: Դրա հաստատման համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն, որն ուժերի ներկայիս դասավորության դեպքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները կարող են հավաքել: Հաստատման դեպքում մեղադրանքները հանձնվում են Կոնգրեսի Սենատ, որտեղ ընթացակարգը վերածվում է դատավարության:
Ներկայացուցիչների պալատն այնտեղ փաստորեն հանդես է գալիս որպես մեղադրական կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների դատարանի անդամների դեր: Պաշտոնազրկման կայանալու համար անհրաժեշտ է սենատորների ձայների առնվազն երկու երրորդը (առնվազն 67): Այդ պատճառով Մենատի ընթացիկ կազմի դեպքում պաշտոնազրկման օգտին քվեարկության հավանականությունը փաստորեն հանգում է զրոյի: Ընթացիկ տարվա սկզբից հանրապետականները (նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով) Կոնգրեսի վերին պալատում զբաղեցնում են 100 տեղից 53-ը: Պետության ղեկավարի պաշտոնազրկման ընթացակարգն ԱՄՆ-ի պատմության մեջ նախանձեռնվել է երեք անգամ: Այդ նախագահները եղել են՝ Էնդրյու Ջոնսոնը (1868 թվականին), Բիլ Քլինթոնը (1998 – 1999 թվականներին) եւ Ռիչարդ Նիքսոնը (1974 թվականին): Սակայն Ջոնսոնը եւ Քլինթոնն արդարացվել են Կոնգրեսի վերին պալատի կողմից: Իսկ Նիքսոնը հրաժարական է տվել տակավին մինչեւ հրապարակային դատաքննության սկսվելը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: