Ֆիասկոն կամ հերթական «պոդստավկա»
Հայկական քաղաքական առօրյայում մենք ամենօրյա ռեժիմով նոր «ռասկլադային» փոփոխության ենք ականատես դառնում, երբ քաղաքական բևեռները առանց դույզն-ինչ երկմտելու՝ իրենց քաղաքական օրակարգերում արմատական փոփոխություններ են կատարում և փոխում ողջ քաղաքական վեկտորը։ Արդի քաղաքական դաշտում տիրում է լուրջ վակուում, քանի որ մի կողմից՝ իշխանությունները, իրենց՝ «բոլորը վատն են ու դավադիր» մոտեցմամբ, մյուս կողմից՝ ընդդիմադիր բևեռն իր երկատված ու բազմապրոֆիլ մանյովրներով, դաշտում ապահովում են քաոսային լաբիրինթոս։
Միանշանակ պարզ է, որ այս անորոշությունն ու մասնատվածությունն առաջին հերթին ձեռնտու է հենց Փաշինյանին, որպեսզի իր իշխանության կյանքը ևս մի քանի ամսով երկարացնի։
Ակնհայտ է, որ Փաշինյանը վաղուց համոզվել է, որ ինքն ու իր ողջ պետական ապարատը ձախողել են կառավարումը, և դրա փրկելու ու ինչ-որ իմիտացիաներ ստեղծելու համար նա տարբեր մանիպուլյացիաների է դիմում՝ հանրային դիսկուրսում այս կամ այն ֆեյք օրակարգը ներդնելով։ Իր թիմային անկարողության մասին նա անգամ անդրադարձ կատարեց իր վերջին ասուլիսի ժամանակ, երբ խոսեց խմբակցության «սպոնտան» ձևով «հավաքագրում կատարելու» մասին։ Ինչ խոսք, այսօրվա պառլամենտն իրոք գտնվում է ճգնաժամի մեջ, քանի որ բուն քաղաքական գործընթացները, որոնք առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում ավելի միս ու արյուն, ինչպես նաև հստակ կիրառական բնույթ կստանան, գտնվում են պառլամենտական կամարներից դուրս՝ հիմնականում արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռում։
Սակայն այս ամենը Փաշինյանի համար մտահոգիչ է այնքանով, որ նա, ինչպես երևում է նրա վերջին շրջանի պահվածքից, բավական լարված է՝ քաղաքական հնարավոր կտրուկ զարգացումներից, քանի որ վստահ չէ, որ «խարխուլ» և անբովանդակ այս կառավարությունը կկարողանա քաղաքական կամք և տոկունություն ցուցաբերել՝ բովանդակային և գաղափարական բացահայտ «գրոհների» դեպքում։ Հենց այս ամենը հաշվի առնելով՝ նա իր ներքին հանգստության համար փորձում է ամրապնդել թիկունքը՝ կուլիսային տարբեր տիպի «ռասկլադների» քննարկումների միջոցով։ Պարզ է, որ կառավարության առաջ հարցերը երկսայր սրի նման ճոճվում են անմիջապես Փաշինյանի գլխին, և նա դա գիտակցում է ամենալավը։
Փաշինյանը սեփական թիմին չվստահելու բացը փորձում է լրացնել այլ մանևրով։ Մասնավորապես՝ վերջին շրջանում նա գրեթե բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում հայրենի ահաբեկչական խմբավորումների հետ։ Բոլորս տեսանք, թե ինչպես օրերս կառավարության շենքում տեղի ունեցավ հանդիպում «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ Գարեգին Չուքասզյանի և Ժիրայր Սէֆիլյանի հետ։ «Սասնա ծռերն» իրենց հերթին՝ պարբերաբար հանդես են գալիս ինչ-որ հայտարարություններով ու ենթատեքստային կոչերով։ Պատահական չէ, որ ըստ օդում կախված լուրերի՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է նաև նրանց հորդորով։
«Սասնա ծռերի» հանդիպումից շատ չանցած ազատ արձակվեց նաև մեկ այլ ահաբեկչական գործով անցնող մեղադրյալ, Նորք-Մարաշի հայտնի դեպքերի խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը։ Նման գործելաոճով Փաշինյանը փորձում է մի տեսակ ուժային պատվար ստեղծել իր համար՝ հնարավոր կտրուկ իրավիճակներում պատվով դուրս գալու համար։ Մյուս առանցքային դրվագը, որին ականատես ենք դառնում վերջին օրերին, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության «սաստավի» կայծակնային «ռեաբիլիտացիան» էր, ովքեր հնարավոր բոլոր ձևաչափերով ու տարբերակներով փորձում են կանգնել և իրենց «ավանդն ունենալ հեղափոխության գործին»։
ՀԱԿ գվարդիան Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին անհրաժեշտ է իր համար մի անկյունաքարային ճակատ փակելու և պահելու համար, խոսքը Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և Մարտի 1-ի դատավարության հետ կապված օրակարգն է։ Սրանք այն թեմաներն են, որոնց ՀԱԿ-ը տիրապետում է ողջ էությամբ՝ մինչև վերջին բջիջը։ Իսկ Փաշինյանի թիմում այս հարցերի գիտակների պակասն ակնհայտ է։ Թիմային երրորդ «համալրումը», որին վերջին օրերին նորից ականատես դարձանք, «Լուսավոր Հայաստանի» (ԼՀԿ) կերպարանափոխությունն ու նոր դիմագծով հանդես գալն էր։ Այն, որ ԼՀԿ-ն փոխել է իր հռետորաբանությունը՝ ակներև է, քանի որ իրական ընդդիմությունն իշխանության թելը չի թելում, եթե, իհարկե, ֆեյք չէ։
Սակայն դեպքերի զարգացումներից ակնհայտ էր, որ ի սկզբանե էլ ԼՀԿ-ն Փաշինյանի հետ գործարքի էր գնացել, սա երևում էր և քարոզարշավի, և հետընտրական զարգացումների ժամանակ։
Ըստ էության՝ կարելի է եզրակացնել, որ «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի համար փակելու է ընդդիմադիր սեգմենտի ՀՀԿ-ական բլոկը՝ փորձելով ՀՀԿ-ականների կողմից Փաշինյանին ուղղված վեկտորները որոշակիորեն իր վրա վերցնել։ Ամփոփելով՝ փաստենք, որ այն «քաղաքական փազլը», որն այսօր փորձում է հավաքել Փաշինյանը, ըստ էության, ուշացած է և անիրատեսական, քանի որ նման կարգի խառնիճաղանջ «քաղաքական հաճախորդներով» հաջողելու հավանականությունը կարող է դառնալ զրոյական։
Արմեն Հովասափյան