Արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենում
Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ: Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն:
Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալիքին հայտարարել է, որ գործողությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, եւ խնդրել է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից: Կոալիցան նշում է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում է ծովային նավագնացության ազատությանը:
Ավելի վաղ Թուրքի ալ Մալիքին հայտնել է, որ կոալիցիոն ուժերը խափանել են «հուսի աշխարհազորայինների ահաբեկչական գործողությունը Կարմիր ծովի հարավում»:
Ինչպես արդեն տեղեկացվել է, եմենցի ապստամբ հուսիները ստանձնել են այն հարվածների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 14-ին հասցվել են Սաուդյան Արաբիայի Aramco նավթընկերության օբյեկտներին, սակայն Էր Ռիադում գտնում են, որ գրոհներն իրականացվել են ոչ Եմենից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: