
«Իշխանությունները փոխվում են, մոտեցումները՝ ոչ». Դավիթ Մաթևոսյան

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ՝ ՈՉ
Այսօր կարդացի Կրթության, գիտության ու էլի շատ բաների նախարարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի երկար սպասված նախագիծը: Ես երբեք մեծ ակնկալիքներ չեմ ունեցել նոր իշխանությունների կրթական քաղաքականությունից, սակայն այն, ինչ կարդացի նախագծում, «լայն ժպիտ» առաջացրեց: Երկու դրվագ մանրամասնեմ: Մնացածը՝ ավելի ուշ:
Առաջինը դրվագը վերաբերում է բուհերի կառավարման (ներկայումս՝ հոգաբարձուների) խորհուրդներին: Գործող օրենքով սահմանվում է, որ բուհի հոգաբարձուների խորհրդի 50%-ին նշանակում է կառավարությունը, 25%-ին՝ Ուսանողական խորհուրդը, մնացած 25%-ին՝ բուհի գիտական խորհուրդը: Օրենքի այս դրույթը բազմիցս է քննադատվել շատերի կողմից (այդ թվում գործող իշխանության կողմից) այն պատճառով, որ կառավարությունը, փաստացի տիրապետելով խորհրդի ձայների 50%-ին, բուհին հեշտությամբ կարողանում է պարտադրել ցանկացած քաղաքական որոշում:
Ողջամիտ ակնկալիք կար, որ նոր իշխանությունները, կաշկանդված լինելով նախկինում իրենց հնչեցրած տեսակետներով, կազատականացնեն սույն կարգավորումը՝ հօգուտ բուհական ինքնավարության՝ նվազեցնելով կառավարության կողմից նշանակվող անդամների տեսակարար կշիռը: Ի վերջո, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» գործող օրենքը ընդունվել էր 2004թ.-ին և արտահայտում էր այն ժամանակների իրողությունները: Ակնկալվում էր, որ 15 տարվա զարգացումներից հետո բուհական ինքնավարության մակարդակը պետք է բարձրացվեր և ամրագրվեր օրենքով:
Ինչպե՞ս է օրենքի նոր նախագիծը կարգավորում այս հարցը: Ըստ նախագծի՝ Կառավարման (հոգաբարձուների) խորհուրդը ունենալու է 12 անդամ, որից 6-ին առաջադրելու է համապատասխան նախարարությունը, իսկ մնացած 6-ի մեջ լինելու են երկուական ուսանող, երկուական դասախոս և բուհի հետ համագործակցող կազմակերպություններից երկուական ներկայացուցիչ: Ի՞նչ է ստացվում: Իշխանությունը շարունակելու է տնօրինել ձայների առնվազն 50%-ը և իր մտքին եկած ցանկացած հարց լուծելու է այնպես, ինչպես կցանկանա: Եթե օրինագիծը նման տեսքով ընդունվի ԱԺ-ի կողմից, կարելի է ևս մի քանի տասնամյակով մոռանալ բուհական ինքնավարության մասին:
Երկրորդ դրվագը վերաբերում է ֆակուլտետների դեկաններին: Գործող օրենքով դեկանը ընտրվում էր ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից, ինչը որոշակիորեն ապահովում էր ֆակուլտետային ինքնավարությունը և հակակշռում է ռեկտորին լիազորություններին: Նոր նախագծով ֆակուլտետի դեկանը ոչ թե ընտրվելու է, այլ ուղղակիորեն նշանակվելու է ռեկտորի կողմից: Ի՞նչ է ստացվում: Իշխանությունները փաստացի նշանակելու են ռեկտորին, վերջինս նշանակելու է դեկաններին, դեկաններն էլ՝ մյուսներին: Կառավարման ավելի ասիական, ավելի հակաժողովրդավարական մոդել դժվար կլիներ մտածել:
Եվ վերջում՝ ամենահետաքրքրականը: Այսօր նախարարությունը օրենքի այս նախագիծը ուղարկել է ԵՊՀ և պահանջել տասնօրյա ժամկետում դիրքորոշում հայտնել: Շատ լավ հասկանալով, որ ԵՊՀ-ն այս օրերին զբաղված է 100-ամյակի միջոցառումներով՝ նախարարությունը փորձում է արագ «սղցնել» այս նախագիծը և փակել հետագա քննարկումների հնարավորությունը: Շտապեմ հիասթափեցնել: Մենք 100-ամյակը տոնելու ենք շատ լավ: Այնքան, որքան թույլ կտան մեր համեստ ռեսուրսներ: Բայց մենք նաև ամեն ինչ անելու ենք, որ համալսարանականները ակտիվ մասնակից լինեն այս վիճահարույց օրինագծի քննարկումներին:
Կհանդիպենք»: