Ուժայինները՝ թիրախում. ո՞վ է հաջորդը

Ցանկացած պետության համար կարևոր է ներքին և արտաքին անվտանգության ապահովումն ու կայունությունը, հենց նման պայմաններում կարելի է խոսել զարգացող տնտեսության և իրավական հասարակություն ստեղծելու գաղափարի մասին։ Եթե պետության ներսում առկա են մշտական փոփոխություններ ու սթրեսային տարբեր տիպի կատակլիզմներ, դրանք վկայում են իշխանությունների և պետական ողջ կառավարման համակարգում առկա տեղապտույտի, կամ, որ նույնն է՝ քաղաքական վակուումի մասին։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում հայ հանրությունը վայելում է Նիկոլ Փաշինյանի կողմից բեմադրված այս «մեկ դերասանի թատրոնը», որում բոլոր դերերը գեներացված են իր անձի շուրջ։ Փաստ է՝ իշխանական բուրգում Փաշինյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա և իր քիմքին հաճելի սոուսով։

Իր տեսակով լինելով կասկածամիտ ու դավադրությունների մոլուցքով տառապող անհատ՝ նա յուրաքանչյուր բնագավառում տեսնում է կասկածելի խորհրդապաշտական ու միստիկ ինչ-ինչ ուժերի առկայություն, որոնք, իր մեկնաբանմամբ՝ «փորձում են տապալել հեղափոխությունը և հասնել ռևանշի»։ Հենց այդ կասկածամտությունն է պատճառը, որ նա, իր իշխանությունն ամեն կերպ պահելու համար, պատրաստ է «փուռը» տալ յուրաքանչյուրին, անկախ նրանից, թե տվյալ գործիչը կամ ողջ կառույցն ինչ ավանդ են ունեցել իր իշխանության կայացման ու պահպանման ճանապարհին։

Մեր հրապարակումների մեջ անդրադարձել ենք այն թեզին, որ Նիկոլն առանձին «ռասկլադ» ունի ուժայինների առումով․ փաստացի այս պնդման առաջին «ծիծեռնակը» հանդիսացավ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանը, ում նախ՝ ներքաշեցին այդ ճղճիմ ու ստոր խաղի մեջ, ստեղծեցին արհեստական ինտրիգ, ապա շատ արագ, ընդամենը մի ձեռքի շարժումով՝ ազատվեցին նրանից, ավելին՝ ներկայումս Իվանյանի նկատմամբ ընթանում է ծառայողական քննություն։

Արդեն վերջին օրերին «կենացները քաղցրացան», իսկ «ժերտվաների» շղթայի տրամաչափը կտրուկ մեծացավ՝ նախ՝ ԱԱԾ տնօրենը, իսկ այսօր արդեն՝ ոստիկանապետը. խոսք է գնում նաև, որ առաջիկայում թիրախում է Պաշտպանության նախարարը։ Այս պարագայում կարևոր է ամրագրել մի շատ կարևոր դրվագ․ Փաշինյանն ատամներով կախված է իշխանությունից, նա ոչ մի կերպ չի պատրաստվում զիջել իր աթոռը, իսկ երբ նա հրապարակներից ու տարբեր այլ հարթակներից հայտարարում էր, որ՝ «ես պատրաստ եմ հեռանալ, երբ ժողովուրդը ցանկանա», ապա նրա կողմից  հնչեցրած հերթական «բլթոցն» էր, որոնցից վերջին 18 ամիսների ընթացքում լսել ենք հազարներով։

Փաստենք՝ ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը, Վալերիյ Օսիպյանը, կամ, ասենք, նույն Տոնոյանն այն անհատներն էին, ովքեր իրենց կարիերան սկսել և, որպես ոլորտի պրոֆեսիոնալներ, կայացել են «նախորդ հանցավոր ռեժիմի» օրոք, դրան զուգահեռ՝ ներկայումս նույնպես ունեն բավականին բարձր վարկանիշ։ Սրան գումարած՝ չեն համարվում Նիկոլի թիմի անդամ, ու միանշանակ է, որ չեն կիսում նաև քաղաքական հայացքները, ուստի ինչ-որ տեղ տրամաբանական է, որ հենց թիրախում հայտնվել են նրանք։ Բայց ինչպե՞ս կարող է երկրի փաստացի ղեկավարն իր ղեկավարած պետական համակարգում թիրախներ փնտրել և «տակից» քլնգել նրանց։

Վանեցյանի հրաժարականից հետո, օրինակ, Փաշինյանի գրանտային «աշխատակիցները», ինչպես նաև որոշ անհասկանալի ծագում ունեցող պատգամավորներ սկսեցին հեգնական գրառումներ ու մեկնաբանություններ անել սոցցանցերում ու լրատվականներում, սակայն մինչ այդ դիֆերամբներ էին ձոնում ոլորտի կարևորության և փայլուն կառավարման վերաբերյալ։ Ուժայիններին «փուռը» տալով՝ Փաշինյանը կարճացնում է իր ղեկավարման ամիսները, քանի որ ցանկացած փոփոխություն հանրության շրջանում ևս մի նոր հիասթափության չափաբաժին է ավելացնում։

Այն էլ՝ այն դեպքում, երբ թիրախում հայտնվում են գեներալներ և պետության անվտանգությունն ապահովող անձինք։ Եթե Վանեցյանի հրաժարականի դեպքում առկա էին թե ներքին (իշխանության «սորոսական» թևի հետ խնդիր), թե արտաքին (Վանեցյանի՝ պրոռուսական հայացքների և ռուսական տիրույթում ընդունելի կերպար լինելը) հանգամանքներ, ապա Օսիպյանի հրաժարականի համար, ըստ տեղեկությունների, խթանող հանգամանք է հանդիսացել Ամուլսարի ճանապարհի բացման առիթը, երբ նա հրաժարվել է չոր ու կոշտ մեթոդներ կիրառել հանքի շահագործման դեմ հանդես եկող ջերմուկցիների շրջափակումը «ճեղքելու» օպերացիայի համար։ Եթե երկրի փաստացի ղեկավարի կողմից վարվող անհասկանալի ու հակաազգային քաղաքականությունը, նրա գործողություններն ու դավաճանաբարո, ազգատյաց, չարացած, հոգեշեղված վիճակն այն աստիճան վտանգավոր են դարձել, որ իրականում սպառնում են երկրի անվտանգությանը, ապա իրոք պետության վիճակը ճգնաժամային է, իսկ Նիկոլ Փաշինյանը գտնվում է իր հերթական «քաղաքական փակուղու առաջ»։

Արմեն Հովասափյան

Հ.Գ. Ի դեպ, այսօր Վալերիյ Օսիպյանը հրաժարականից ժամեր անց նշանակվեց Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս