Ո՞վ է հաջորդը

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել:

«Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասված է Վանեցյանի հրաժարականի տեքստում, որը քաղաքական հստակ ուղերձներ է պարունակում:

Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է:

Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ է հայտարարել Ա. Վանեցյանը, հատկապես, երբ այն լուրջ մեղադրանքներ է պարունակում: Վանեցյանը, փաստորեն, Փաշինյանի «Քայլ արա»-ին ի պատասխան՝ ասում է՝ «Կա՛նգ առ»։ Երկրի համար ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում  երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան, ով վստահաբար տիրապետում է նաև Փաշինյանի անցյալի ու ներկայի մասին ողջ տեղեկատվությանը։ Ի՞նչ պահանջ է դրվել նրա առջև, որ «սպայի պատիվը» հիշեցնելով՝ Վանեցյանը հրաժարվել է անել և մերժել է Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելով։

Իշխանական և հատկապես իշխանության «Սորոս»-ական թևը գործի է անցել՝ Վանեցյանի դեմ կարծիքներ գեներացնելով։ Իսկ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը (ով նախկինում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն էր, մինչ այդ էլ՝ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի խոսնակը) անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը՝ ասել էր.

«Պետք է պարզել, թե ով է գրել Ա. Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։ Այսինքն՝ իշխանությունները տեղի ունեցածը դարձյալ փորձում են կապել նախկին իշխանությունների հետ՝ փորձելով ռևանշիստական թեմաներով քողարկել կամ ներկայացնել այն սուր քննադատությունները, որոնք իրենց իսկ նշանակած պաշտոնյայի կողմից ուղղված են իրենց։

Ի դեպ, երեկ համացանցում նաև ակտիվ քննարկվում էր Ա. Վանեցյանի հրաժարականի թեման, և զարմանալիորեն գերակշռող էր Ա. Վանեցյանին սատարողների թիվը: Հիշեցնենք, որ տարբեր սոցհարցումներով, որոնց պատվիրատուն հենց իշխանությունն էր, Ա. Վանեցյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական պաշտոնյան է: Նա իր վարկանիշով գերազանցում է նույնիսկ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչևէ, Արթուր Վանեցյանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան հաջորդած քաղաքական հայտարարությամբ, կարծես թե ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագա ծրագրերի մասին: Նրա հայտարարությունը, որն անուղղակիորեն կարելի է համարել նաև սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կլինի հաջորդ հրաժարական ներկայացնողը։

 

Տեսանյութեր

Լրահոս