Բաժիններ՝

Աղմուկ թող չբարձրացնեն, օրենքն ընդունվելու է. Փաշինյանը՝ բանկային գաղտնիքի մասին նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունը հետ չի կանգնելու և  բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծն ուղարկելու է Ազգային ժողով: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծի շուրջ ծավալվող քննադատությունների մասին հարցին: 

«Բոլոր նրանք, ովքեր այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, ես ասում եմ, որ որևէ հիմքեր դրա համար չկան: Երբ մենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների մասին հարցն էինք քննարկում, ես ասում էի, որ մենք պետք է այդ գործում ունենանք Սկանդինավյան երկրների մակարդակը: Մեկը կարո՞ղ է բացատրել, որ եթե համակարգը գործում է Սկանդինավյան երկրներում, եվրոպական այլ երկրներում, այնտեղ տնտեսությունը ինչո՞ւ չի փլուզվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ չի պատկերացնում կոռուպցիայի դեմ կիսապայքար: Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պետք է լինի լիարժեք պայքար:

«Մյուս կողմից էլ հանրությունն ասում է՝ թալանվածն ինչո՞ւ բավարար տեմպերով հետ չի բերվում: Կոռուպցիոն համակարգը հենց այնպես չի ստեղծվել, բազմաթիվ օրենքներ ու սահմանափակումներ է դրվել, որ մենք չկարողանանք հասանելիություն ունենալ և ամբողջական պատկեր տեսնել: Պետք է հետաքննենք լիարժեք, բա ի՞նչ պետք է անենք: Աղմուկ էլ թող չբարձրացնեն, այդ օրենքն ընդունվելու է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կոռումպացված փողերը հետ են բերվելու պետական բյուջե և ծառայելու են Հայաստանի բանակին, անվտանգությանը, զինվորականների բնակարանային խնդիրների լուծմանը: Նա հիշեցրեց, որ խոստացել են՝ մինչև 2023 թվականը Արցախի պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները կլուծվեն: Այսինքն՝ այն զինծառայողները, ովքեր հերթագրված են բնակարանների համար և տասնյակ տարիներով չեն ստացել, պետք է բնակարանով ապահովվեն:

«Ու դա մեծ խնդիր չէ: Մեր հաշվարկներով 25 մլրդ դրամի պատմություն է: Այն մարդիկ, ովքեր այդ խնդիրը պետք է վաղուց լուծած լինեին, փոխարենն իրենց եղբայրների ու փեսաների գրպաններն են լցրել ու «բանկային գաղտնիք»-ի հետևում թաքնվել: Դա իհարկե, չի նշանակում, որ բոլորի բանկային գաղտնիքը բացվում է, մինչ այդ մի քանի զտումներ են դրված՝ դատախազություն, դատարան: Անհիմն հո չենք կարող գնալ բանկային գաղտնիքի հետևից: Եթե դրա համար չլինեն հիմնավորումներ մենք չենք կարող դա անել: Կոռուպցիայի հետ չառնչված մարդկանց բանկային գաղտնիքը չենք կարող բացել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս