Երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի հարցով ՀՀ-ն չի պատրաստվում դիմել ԵԱՏՄ-ին
Հայաստանը այս պահի դրությամբ չի պատրաստվում դիմել ԵԱՏՄ-ին՝ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարացնելու առաջարկով: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին,թե արդյոք կառավարությունը պատրաստվում է դիմել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետի երկարացման առաջարկով:
«Եթե խոսքը ավտոմեքենաների մասին է, ապա՝ ոչ: Դեռ ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ժամանակից էի ասում, որ անընդհատ հետաձգելն այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէ: Մենք պետք է մեր տնտեսական կառուցվածքները ֆիքսենք, արձանագրենք և աշխատենք զարգացման վրա՝ մեր արդյունավետության բարձրացման շնորհիվ»,-ասաց վարչապետ ու հավելեց, որ այս պահի դրությամբ այդպիսի ծրագրեր չկան:
Փաշինյանը նշեց՝ գնային առումով ժամանակին ունեցած մտահոգությունները շատ դեպքերում արդեն հաղթահարվել են՝ միայն մենաշնորհների վերացման արդյունքում: Նա նկատեց՝ հարկային օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ են կատարում, որ տնտեսավարողների համար առավել նպաստավոր աշխատանքի պայմաններ ստեղծվեն: «Գները երբ են աճում. երբ մարդիկ տեսնում կամ զգում են, որ գներն աճում են և այդպես կիսախուճապահար սկսում են գնումներ անել, որ իրենց գումարը հանկարծ չկորի: Այսօր երևում է, որ ժողովուրդը կառավարության վարած քաղաքականության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա հինգ տարվա կտրվածքով գնաճային ռիսկեր չի տեսնում: Իսկ սա իր հերթին օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակի վրա»,-ասաց վարչապետը: