Արա Բաղդասարյանը գրեթե վստահ է՝ իրեն աշխատանքից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի նկարից հետո. Նա ԱԳՆ-ից այլ պատասխան է պահանջում

Ինձ համար վիրավորական է ԱԳՆ-ի այդ գնահատականը, ես այլ գնահատական եմ ուզում: «Ոչ արդյունավետ աշխատանքի» պատճառաբանությամբ Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց ազատված Արա Բաղդասարյանը Հայաստան է եկել այս պահանջով: Ասում է՝ վիրավորված է, որ իր աշխատանքն այդ կերպ են գնահատել:

«Ինձ չեն տեղեկացրել, թե ո՞րն է եղել իմ անարդյունավետ աշխատանքը, ես դրա մասին լսել եմ ԱԳՆ մամուլի խոսնակի ասուլիս ժամանակ, որ ինքը նման բան հայտարարեց, կարող էին գտնել հազար ուրիշ «ֆարմուլիրովկեք», բայց այդպես ասացին, որն ինձ խիստ վիրավորեց: Ես այնտեղ իմ ուժերով, առանց որևէ արտոնություններից օգտվելու՝ բավականին աշխատանք եմ արել»:

Արա Բաղդասարյանը գրեթե վստահ է՝ իրեն աշխատանքից հեռացրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի նկարից հետո, չնայած՝ ինքն այդ օրը Ռ. Քոչարյանին առաջին անգամ է տեսել և նրա աջակիցը չէ:

«Իմ լիազորությունների ավարտին մի քանի ամիս էր մնացել: Այդ նկարից մի քանի օր հետո ինձ զանգում են անծանոթ համարից և ասում, որ իմ լիազորությունները կասեցված են, ասում են՝ «հասկանում եք, թե ինչու»: Ես էլ հասկացա: Ես քաղաքականության հետ առհասարակ կապ չունեմ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից չեմ: Նրա բարեկամներից մեկն իմ ընկերն է, ով և ինձ հրավիրել էր այնտեղ: Ինձ նրա հետ ծանոթացրին, տեսա, որ «պարապած է», առաջարկեցի ձեռնամարտի բռնվել: Համաձայնեց և հաղթեց: Իր տարիքի համար շատ ուժեղ մարդ է»:

Կարդացեք նաև

Արա Բաղդասարյանը պատմում է՝ երկար տարիներ Մոսկվայում է ապրել, այնտեղ աշխատել է, բիզնեսմեն է: Վանեցու ընտանիքից է, միշտ շատ է ուզել Հայոց ցեղասպանության ընդունման համար կարևոր գործ անել: 2017-ի դեկտեմբերին դարձել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս, որ իր ձեռք բերած կապերը ծառայեցնի Եվրոպայի կենտրոնում գտնվող, թեկուզև փոքր երկրում, Հայոց ցեղասպանության ընդունման համար:

«Եկա Հայաստան, ծանոթացա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով ինձ առաջարկեց լինել պատվավոր հյուպատոս Անդորրայում: 2017թ. դեկտեմբերին դարձա պատվո հյուպատոս ու սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Այս աշնանն Անդորրայի խորհրդարանը երկրորդ անգամ պետք է լսեր Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթը, բայց իմ աշխատանքն ԱԳՆ-ն դժվարացրեց»:

Նախկին հյուպատոսն ասում է՝ կարող է այլ պատճառներ էլ մտածել, օրինակ, որ իր փոխարեն՝ այլ մարդու են ուզում տալ այդ պաշտոնը:

«Երևի իմ փոխարեն ուրիշին են ուզում տեսնել, բայց չեմ կարծում, որովհետև դա մեծ ֆինանսների հետ է կապված, ես այնտեղ ամեն ինչ արել եմ սեփական միջոցներով: Անդորրայում հիմա գործում է աշխարհում ամենամեծ հայկական պուրակը՝ հայկական խաչքարով, այն դեպքում, երբ ՌԴ-ին արգելել էին մեկ արձան տեղադրել, որտեղ կգային իրենց տոները նշելու: Հաջորդն էլ Ցեղասպանության ճանաչումն էր»։

Արա Բաղդասարյանը վստահեցնում է՝ աշխատանքը կիսատ չի թողնելու, բայց չգիտի, թե հիմա ինչպես է ներկայանալու: Պահանջում է իր աշխատանքին պատշաճ գնահատական տալ, քանի որ, ըստ իրեն, ինքն արել է ամեն բան, ինչ պետք է անի Պատվավոր հյուպատոսը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս