«Նիկոլ Փաշինյանը երկու լուծում ունի»

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա տրորում է իր իսկ դրած ականները: Նրա խոսքով՝ այն ամենի հետ, ինչի համար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին, հիմա ստիպված համաձայնում է:

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, լինելով ընդդիմադիր, ականապատեց իշխանական հնարավոր բոլոր քայլերը, ինքն ինչ-որ պահանջներ էր դրել ու երևի չէր սպասում, որ կհայտնվի իշխանությունում, և իր իշխանության գալուց հետո քայլում է իր դրած ականների վրայով: Առաջինը կուտակային կենսաթոշակայինն էր, որին ինքը բացահայտ դեմ էր արտահայտվում, ստիպված համաձայնեց, հետո՝ Եվրասիական միության հետ կապված իր դիրքորոշումն էր, հիմա էլ եկել-հասել ենք Ամուլսարին, որը, շախմատային լեզվով ասած՝ «ցուգցվանգ» է, ինքն ինչ քայլ էլ անի, այդ քայլն իր վարկանիշին խփելու է»:

Մեդիափորձագետի խոսքով՝ այս հարցում Փաշինյանն անգամ սեփական թիմակիցների վրա հույս դնել չի կարող, քանի որ նրա կազմած իշխանությունում շատերն էկո-ակտիվիստներ են և համաձայն չեն իր արտահայտած կարծիքներին:

«Շատ դժվար է գնալ ֆինանսապես մեծ, հզոր կոնգլոմերատների դեմ, որոնք կանգնած են Ամուլսարը շահագործելու հետևում: Մյուս կողմից էլ՝ շատ բարդ է գնալ ժողովրդի դեմ, որի մեծ մասն իրեն բերել է իշխանության, և տարբեր խմբերի, որոնք մտել են իշխանության մեջ, ԱԺ-ում են՝ էկոակտիվիստներ, գրանտներով սնվողներ: Նա ունի երկու լուծում՝ կա՛մ հրաժարական տալ և գլուխն ազատել, ինչպես Սերժ Սարգսյանը, երևի, ժամանակին նախընտրելի տարբերակ համարեց, կա՛մ գնալ մինչև վերջ և ունենալ վարկանիշի անկում: Հիմա նա ինչ էլ անում է, որ իր վականիշը բարձրանա, ոչ միայն չի բարձրանում, այլև իջնում է: Հիմա դաշտն այնքան էլ էյֆորիկ չէ, նույնիսկ ֆեյքերի ֆաբրիկաները չեն կարողանում օժանդակել Փաշինյանին: Ավելին՝ սկսել են աշխատել նրա դեմ, ինչպես Ամուլսարի հարցում երևաց»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս