«Թող գան, հարցազրույց անցնեն, աշխատեն». Հայկ Մարությանը՝ «ՍանիՏեքի» աշխատակիցների մասին
«Սա ուղղակի ուղղորդված միջոցառում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային՝ նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա էին իրականացնում «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանից պահանջում են իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Նրանք պնդում էին, որ աշխատավարձերի համար հասանելիք գումարը քաղաքապետարանը չի փոխանցել:
Հիշեցնենք նաև, որ թեմային անդրադառնալով՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «ՍանիՏեքի» տնօրինությանը իրենց չարված աշխատանքի համար. «Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»:
Հայկ Մարությանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մեկ տարվա ընթացքում ՄԻՊ գրասենյակից բազմաթիվ նամակեր են փոխանցվել իրենց, որտեղ նշվել է «ՍանիՏեք» ընկերության շուրջ աշխատակիցների բողոքների մասին՝ ֆինանսական պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու մասով. ««ՍանիՏեքում» դա պարբերական բնույթ է կրում: Այս անգամ ևս միայնակ չենք թողնի աշխատակիցներին և իրավական օգնություն կցուցաբերենք»:
Անդրադառնալով աշխատակիցների գործազրկության մասին պնդումներին՝ քաղաքապետը նշեց, որ մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չեն, բայց պարբերաբար հայտարարել են, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին անհրաժեշտ են աշխատակիցներ. «Թող գան, հարցազրույց անցնեն, աշխատեն»:
Քաղաքապետը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց նաև «ՍանիՏեքի» հետ պայմանագիրը խզելու գործընթացը. «Իրավական պրոցես է գնում. սա մեկ օրվա բան չի, դա միջազգային պայմանագիր է, միջազգային ընկերություն»:
Հարցին, թե արդյո՞ք «ՍանիՏեքը» սպառնում է արբիտրաժային դատարանով, Հ. Մարությանը պատասխանեց.
«Մենք մեր բոլոր քայլերը շատ երկար ենք մտածել, բոլոր քայլերը շատ կշռադատված են։ Մենք հանգիստ, նորմալ գնում ենք առաջ՝ պլանավորված»:
Նա հավելեց նաև, որ այժմ աղբահանության այնպիսի համակարգ է կառուցում, որ ով էլ հետագայում Երևանի քաղաքապետը լինի, այս խնդիրը երևանցիների հետ որևէ առնչություն չունենա. «Մոտակա ամսում կտրուկ լավացում է լինելու։ Մենք հարցը կոմպլեքս ենք լուծելու։ Սկսել ենք աղբի տեսակավորում։ Այս պահին մայրաքաղաքում աշխատում է աղբահավաք 26 մեքենա, ևս 8-ը հասել են տեղ, 3 օրից դրանք ևս կմիանան աշխատանքներին»:
Զարուհի Դիլանյան