
Երևանի քաղաքապետարանից հաստատում են «ՍանիՏեք»-ին գումար չփոխանցելու մասին լուրը

Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «ՍանիՏեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:
«ՍանիՏեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:
Հակոբ Կարապետյանը նշեց, որ «ՍանիՏեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:
«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «ՍանիՏեք»-ի տնօրինությանը իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «ՍանիՏեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ: