Օրենքը կսահմանափակի ԴԱՀԿ հնարավորությունը՝ կալանք դնել զինծառայողների հաշիվների վրա
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը: Դրանով առաջարկվում է կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայողի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից բռնագանձումը սահմանափակել:
Հ. Բագրատյանը Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:
«Առաջարկում է ավելացնել հետևյալը՝ կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից (բացառությամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի), աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի վրա կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ մինչ բռնագանձվող գումարի լրիվ մարումը »,- ներկայացրեց նա:
Օրենքն ընդունվելուց հետո օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ընդունված հարկադիր կատարման ենթակա ակտերի հիման վրա հարուցված կատարողականների վրա:
Նման նախաձեռնությամբ հանդես գալու համար առիթ է տվել Խնձորուտ գյուղում հանդիպած մի ընտանիքի դեպքը: «Առաջնագծում ծառայող զինվորը չպետք է մտքով իր թիկունքում անվստահություն ունենա: Նա պետք է կարողանա ուղիղ կենտրոնանալ սահմանի հակառակ հատվածի վրա»,- նշեց Բագրատյանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ մի քանի հարցի շուրջ սկզբում անհամաձայնություն է եղել, սակայն հետո պայմանավորվածության են եկել: Նա հիշեցրեց, որ մի պայմանավորվածություն, երևի թե, տեխնիկական խնդրի պատճառով չի ներառվել նախագծում:
«Պետք է անպայման նշվի, որ խոսքը վերաբերում է հերթափոխի միջոցով մարտական հերթապահությունում ներգրավված զինծառայողին»,-ասաց փոխնախարարը:



