Նիկոլ Փաշինյանի փոխարեն 7-ամյա աղջկան այցելել է մարզպետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու նվեր է փոխանցել գյումրեցի 7-ամյա Նունե Մկրտչյանին, ով օրեր առաջ նամակ էր գրել վարչապետին՝ նրան հրավիրելով Գյումրի՝ իր ծննդյանին տոնին մասնակցելու համար: Սեպտեմբերի 7-ի առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Մկրտչյանների բնակարան. նա իր ու անձամբ վարչապետի անունից շնորհավորել է Նունեին ծննդյան օրվա առթիվ ու փոխանցել նվերներ:
Գյումրու թիվ 6 դպրոցի երկրորդ դասարանում սովորող աղջնակը նամակը փորձել էր Նիկոլ Փաշինյանին փոխանցել «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ, սակայն չէր հաջողվել մոտենալ վարչապետին: Հուզվելով՝ աղջիկը լաց էր եղել: «Իմ քայլ»-ի գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, տեսնելով, խոստացել էր նամակը հասցեատիրոջը փոխանցել: Այսպես նամակը հասել էր վարչապետին, վարչապետն էլ խնդրել է Շիրակի մարզպետին իր փոխարեն այցելել աղջկան:
Նունեն հուսով է, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 28 ամյակին նվիրված միջոցառմանն անձամբ կկարողանա շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: