«Այն, ինչ անում է Փաշինյանը Ռուսաստանի համար, նույնիսկ ավելին է, քան անում էին նախկին իշխանությունները». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կանխատեսում է քաղաքական թեժ աշուն՝ հաշվի առնելով այն հարցերի շրջանակն ու քաղաքական օրակարգը, որը ձևավորվել է այսօր:
Այդուհանդերձ, աշնան «թեժությունը» նա չի պայմանավորում հեղափոխական լինելով կամ զանգվածային միջոցառումների կազմակերպմամբ. «Կան բազմաթիվ կուտակված հարցեր, և հիմա եկել է մի պահ, որ այդ հարցերի լուծման յուրահատուկ դեդլայնն է դարձել»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Հակոբյանն առանձնացրեց վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաները՝ Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսարի խնդիր, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակ, Արցախյան ներքաղաքական հարցեր, Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված աղմուկ, և պնդեց, որ այս խնդիրների ցանկացած լուծում կարող է հանգեցնել նոր քաղաքական օրակարգերի:
Ըստ քաղաքագետի՝ նման քաղաքական իրավիճակում նշանակություն չունի՝ որքանո՞վ է գործունյա օրվա ընդդիմությունը, կամ կա՞ այն առհասարակ.
«Ուղղակի իրավիճակն է այսօր բավականին ընդդիմադիր դառնում իշխանություններին»:
168.am-ի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Սասնա ծռեր» կուսակցության անդամների հետ միանշանակ չընդունվեց հանրության կողմից՝ նկատելով, թե ի՞նչ հարցեր պիտի քննարկեր 80 տոկոսով ընտրված լեգիտիմ վարչապետը 1 տոկոսից քիչ ավելի ձայներ հավաքած քաղաքական ուժի հետ, քաղաքագետը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ ընդհանրապես վերջին 3 շաբաթվա ընթացքում մենք տեսնում ենք, որ որոշակի սիրախաղեր են սկսվել հասարակական ու քաղաքական որոշ սպեկտրի ուժերի հետ, որոնք ավելի շատ հարում են հասարակական-քաղաքացիական հասարակությանը. եղավ օգոստոսի 22-ի Կառավարության հայտնի որոշումը, որով հասարակական երկու կազմակերպություններ ֆինանսավորվեցին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար և որոնք հիմնականում ասոցիացվում են սորոսյան հիմնադրամների հետ: Մյուս կողմից՝ որոշակի բանակցություններ են գնում նույն շրջանակների քաղաքական ուժերի հետ, որոնք ուղղակիորեն չեն կապվում դրա հետ, բայց վերլուծական շրջանակները նրանց էլ են ասոցիացնում այդ շրջանակների հետ»:
Մեր դիտարկմանը, թե նշում են, որ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանի անունը նույնպես կապվում է այդ հիմնադրամի հետ, քաղաքագետը արձագանքեց. «Դա նշելու հարց չէ, դա կենսագրություն է»:
Այս համատեքստում քաղտեխնոլոգը հիշեց նաև Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, թե պատրաստվում է քրեական գործի վերանայման համար դիմել դատական ատյաններին, նկատելով, որ այն խառնաշփոթը, որը կա քաղաքական դաշտում, որոշակի անվստահություն է առաջացնում վարչապետի մոտ, և նա փորձում է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել.
«Վարչապետը հույսը չի դնում միայն իր քաղաքական թիմի վրա, որովհետև պրակտիկան ցույց տվեց, որ այդ քաղաքական թիմը ոչ միշտ է սարի պես կանգնած լինում վարչապետի մեջքին:
Դրանով է պայմանավորված, որ վարչապետը սկսել է բանակցություններ վարել որոշակի մարգինալացված ուժերի հետ, կամ գուցե բացատրության կարիք կա. բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ անհասկանալի է իշխանության դիրքորոշումը»:
Վ. Հակոբյանի խոսքով՝ ներկա իշխանության գլխավոր խնդիրներից մեկն անկանխատեսելիությունն է, ինչն առկա է նաև արտաքին քաղաքականության մեջ. «Մի կողմից՝ Շիշկինին ապաստան տալը, մյուս կողմից՝ Լեհաստան չգնալը՝ քաղաքական տրամաբանության տեսանկյունից իրար հակասող են»:
Ըստ բանախոսի, սակայն, Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում անում է ավելին.
«Այն, ինչ անում է Փաշինյանը Ռուսաստանի համար, նույնիսկ ավելին է անում, քան նախկին իշխանությունները՝ Սիրիա զորք ուղարկելը, քվեարկությունները ՄԱԿ-ում, Լեհաստանի այս դեմարշը և քայլերը ԵԱՏՄ-ի ամրապնդման գործում»:
Մեր հարցին, թե՝ հաշվի առնելով վերոնշյալ անկանխատեսելիությունը, որը, ըստ քաղաքագետի՝ հանգեցնում է նաև անվստահության, հնարավո՞ր է Պուտինի այցի չեղարկում լինի՝ անկախ ձեռք բերված համաձայնություններից, նա պատասխանեց.
«Դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել, բայց այս պահի դրությամբ համաձայնությունը կա. սա նաև կապված է այն բանի հետ, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ դատավարությունների շուրջ, որոշ հայտնի պրոցեսների շուրջ. դրա համար էլ ՀՀ ԱԳՆ-ն կարողանում է նման վստահությամբ հայտնել, որ Պուտինը ժամանելու է»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՌԴ նախագահի ակնարկները, որ ցանկանում է Քոչարյանին ազատության մեջ տեսնել, իշխանությունները հաշվի առե՞լ են: Ի պատասխան՝ Վ. Հակոբյանն ասաց. «Կարծում եմ՝ այո, հաշվի առնվել է: Եթե չլիներ հոկտեմբերի ԵԱՏՄ վեհաժողովը հենց Երևանում, գուցեև հաշվի չառնվեր այդ աստիճան, բայց քանի որ կա այդպիսի կոնկրետ գործոն, հաշվի է առնվել»:
Զարուհի Դիլանյան