«Մեղրու ազատ տնտեսական գոտու չաշխատելը ձեռնտու չէ՝ ինչպես Իրանին, այնպես էլ՝ Հայաստանին». Իրանագետ

Օրերս ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին պարապուրդի է մատնված, ինչն անթույլատրելի է։

168.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական առևտրի գոտուն՝ նախ նշեց, որ պատկան մարմինները պետք է պարզաբանեն, թե ինչու չի աշխատում այն, այնուհետև անդրադառնալով տնտեսական գոտու կարևորությանը՝ նկատեց, որ այն Հայաստանի համար մեծ նշանակություն ունի՝  թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։

«Ինչպես գիտենք, Իրանն իր հարևանների, ընդ որում՝ արևմտյան որոշ հարևանների հետ ունի ազատ առևտրային գոտիներ տարածաշրջանում։ Զուտ քաղաքական մասով նշեմ, որ այդ գոտին խիստ կարևոր է, որպեսզի այն աշխատի։ Իրանաադրբեջանական հարաբերությունների համատեքստում, եթե հատկապես նայենք տնտեսական զարգացող հարաբերությունների և նմանատիպ ազատ առևտրի գոտիների հետ կապված ծրագրերին, ապա անընդհատ Ադրբեջանում փորձում են ներկայացնել մի իրավիճակ, որ այդ երկիրն ակտիվ համագործակցում է Իրանի հետ, իսկ մյուս կողմից՝ փորձում են Հայաստանը ներկայացնել՝ որպես շրջափակման մեջ գտնվող երկիր։ Հատկապես այս համատեքստում՝ խիստ կարևոր է ազատ առևտրի գոտու աշխատանքը»,- ասաց իրանագետը։

Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու չաշխատելը հավասարապես ձեռնտու չէ՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Իրանին, հատկապես որ, Իրանի նկատմամբ իրականացվում են խիստ պատժամիջոցներ։ Այս պարագայում իրանական կողմը պետք է շահագրգռված լինի առևտրային գոտու աշխատանքով, նույնը վերաբերում է նաև Հայաստանին։

«Եթե հաշվի առնենք, որ փակ են մեր արևմտյան և արևելյան սահմանները, և մեր հիմնական գործընկերը պետք է լինեն հյուսիսային և հարավային հարևանները, մասնավորապես՝ Իրանը և Վրաստանը , ապա այնպես չէ, որ Հայաստանն ունի այլընտրանքներ, հետևաբար՝ Հայաստանի տնտեսության համար այն ևս մեծ նշանակություն ունի»,- շեշտեց Արտյոմ Տոնոյանը։

Հարցին՝ եթե ազատ տնտեսական գոտին չի աշխատում, կա՞ն մտավախություններ, որ այն կարող է առաջիկայում ամբողջությամբ փակվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դժվարանում է ասել, թե այն հետագայում ինչ ճակատագիր կարող է ունենալ։

«Պետք է փորձել ակտիվ աշխատանքներ տանել, հատկապես՝ այն դեպքում, երբ Իրանում առաջիկայում սպասվում են ընտրություններ, ուստի կարող են տեղի ունենալ քաղաքական որոշակի փոփոխություններ։ Բայց անկախ քաղաքական գործընթացներից՝ պետք է տնտեսական այսպիսի ծրագրերի հանդեպ լինել խիստ ուշադիր, անել ամեն ինչ՝ դրանց կայուն աշխատանքն ապահովելու համար։ Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը շահագրգռված է, որ գոտու ծրագիրը չեղարկվի»,- հավելեց Արտյոմ Տոնոյանը։
Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայաստանյան այցին և հարցին, թե ինչպե՞ս կարող է այդ այցն անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների, նաև՝ ինչպե՞ս  կազդի ազատ տնտեսական գոտու հարցի վրա, Արտյոմ Տոնոյանը պատասխանեց, որ Ռոըհանիի հայաստանյան այցի հետ կապված՝ դեռ պաշտոնական հաղորդագրությունը չի տեսել, այդուհանդերձ երկկողմ այցերը երկու երկրների համար միշտ էլ կարևոր են։

«Նման այցերը միանշանական պետք է դրական գնահատել և պատրաստել լուրջ օրակարգ այն խնդիրների, որոնք պետք է քննարկել, հատկապես՝ տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Մեղրու ազատ առևտրի գոտին բացվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ։ Ինչպես այդ ժամանակ նշել էր Կառավարության ղեկավարը, ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) նախատեսված էր կառուցապատել երկու փուլով:

Առաջին փուլով նախ ստեղծվել էին նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:

Իսկ արդեն երկրորդ փուլով՝ ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում`  նախապայմանների շահութաբեր բիզնես ծավալելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Քասիմ Սաջադին նշել էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահը կժամանի Հայաստան։

Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս անդրադարձել էր Մեղրու ազատ տնտեսական գոտու ներկայիս իրավիճակին՝ նշելով, որ այնտեղ շրջակա հողերի հետ կապված իրավական խնդիրներ են եղել:

Մեղրու ԱՏԳ շրջակա հողատարածքների վերադարձը պետությանը, ըստ նախարարի՝ դեռ ավարտված չէ.  «Իրավասու մարմիններն իրենց գործողությունները կատարում են, հանգուցալուծումներից հետո կարվեն եզրակացությունները»,- նշել էր նախարարը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս