Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը
Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստը:
Ինչպես տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է մասնակիցներին հունիսի 18-19-ը Փարիզում կայացած EITI-ի Համաշխարհային համաժողովի ժամանակ նախագահության կողմից մեր երկրին շնորհված մրցանակի կապակցությամբ: Ընդամենը երկուսուկես տարի է ինչ Հայաստանն անդամակցում է EITI-ին, և կազմակերպության 52 անդամ-երկրների մեջ նման գնահատանքի արժանանալը մեծ ձեռքբերում և, միաժամանակ, հավելյալ պատասխանատվություն է։
Փոխվարչապետը նշել է, որ EITI-ի նպատակը արդյունահանող ճյուղերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումն ու լավ կառավարման գործելակերպի ներդրումն ու ամրապնդումն է։ Իսկ ի դեմս EITI-ի բազմաշահառու խմբի, ձևավորվել է մի հարթակ, որն ապահովում է իրազեկ հանրային բանավեճի իրականացումն ու բոլոր կողմերի համար ընդունելի որոշումների կայացումը: Սա հաշվի առնելով՝ փոխվարչապետը կարևորել է կառավարության կողմից ոլորտի քաղաքականության և իրավական ակտերի մշակման գործընթացում խմբի ակտիվ ներգրավվածության ապահովումը:
Տիգրան Ավինյանն ասել է, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, EITI-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:
Նիստի ընթացքում հաստատվել է «Հայաստանյան EITI-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:
Քննարկվել են նաև Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացման գործընթացին, EITI-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրությանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր: