
Գախարիայի կառավարությունը գերակայություն է համարում հակամարտությունների խաղաղ լուծումը

Վրաստանի կառավարությունը հաշտության քաղաքականություն կվարի իր վերահսկողության ներքո չգտնվող տարածքների նկատմամբ, ինչպես նաեւ կշարունակի ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի հետ Ժնեւի միջազգային բանակցություններին: Այդ մասին ասված է նախարարների նոր կաբինետի ծրագրում, որը պետք է հաստատվի սեպտեմբերի 8-ին:
«Հակամարտությունների խաղաղ կարգավորման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն կնվիրվի հաշտության եւ ներգրավվածության քաղաքականությանը: Դա ենթադրում է խաղաղության կառուցում, դեպի մարդիկ կողմնորոշված քաղաքականության վարում, բաժանիչ գծերի երկու կողմերում գտնվող մարդկանց աջակցություն»,- ասված է 2019 – 2020 թվականների ծրագրում:
Ապագա կառավարությունը՝ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ, պլանավորում է մեծ ուշադրություն դարձնել Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ ուղղակի երկխոսությանը եւ համագործակության զարգացմանը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա:
Բացի դրանից, Գախարիայի կառավարությունը մտադիր է հասնել Ժնեւի բանակցությունների առավել ինտենսիվացմանը, որոնք Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միակ ձեւաչափն են, հաղորդել է Sputnik-ը: