«Արզամասում 15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետևում կանգնած էր Շիշկինը». Էմիլ Բաբայան
Լրագրող Էմիլ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ֆաշիստ Շիշկինի հետ կապված պատմությունը ցանկանում են «ջրել»: Ինչ-որ մեկը վերևներում շատ է ուզում, որ իր մասին դադարեն խոսել: Դրա համար գործի են դրվում ապատեղեկատվությունները, մանիպուլյացիաներն ու պարզապես խաբեությունը: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի:
Տեսեք, առաջին անգամ Շիշկինի մասին խոսեցին երեկ չէ առաջին օրը, երբ նա պատմեց, որ ապաստան է ստացել Հայաստանում: Նրա էջ այցելեցին հարյուրավոր մարդիկ ու սկսեցին շնորհավորել նրան, կիսվում էին նրա գրառմամբ: Այդտեղի դա ընկավ մի 2-3 լրատվամիջոցներ. Ռուսաստանցի քաղհալածյալն ու գրողը ապաստան է գտել դեմոկրատական Հայաստանում: Հենց դա էլ ես տեսա: Բայց ախր ես 2014 թ. գրել էի Արզամասի մասին ու հիշում էի Շիշկին ֆաշիստին, ազգայնամոլին ու տականքին: Ցավոք, այդ պահին ոչ մի ԶԼՄ հարկ չհամարեց ինքնուրույն նայել, թե ով է այդ Շիշկինը: Արդյունքում` ծնվեց իմ երեկվա 5 էջանոց գրառումը, որից էլ ամեն ինչ սկսվեց: Մարդկանց մոտ հարցեր առաջացան: Եվ այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը:
Մի քանի ժամ անց «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որը, ուղիղ ասենք, պատկանում է Նիկոլ Փաշինյանին, մի նյութ հրապարակեց, որում, հղում կատարելով «կառավարության իր սեփական աղբյուրներին» (հա-հա-հա)՝ հաստատեց, որ Շիշկինին քաղաքական ապաստան են տվել: Անցավ 40 րոպե, և այդ նյութը կայքից անհետացավ: Այն նույնիսկ չհասցրեց Գուգլի քեշն ընկնել: Նրա մասին հիշատակումները վերացվեցին այնտեղից, որտեղից հնարավոր էր: Բայց ես այդ հրապարակման անոնսն ունեմ Ֆեյսբուքում, որի սքրինշոթը կհրապարակեմ ստորև: Բայց այստեղ պետք է հասկանալ, որ ԶԼՄ-ն արդեն հրապարակված նյութը կարող է հեռացնել միայն ծայրահեղ դեպքերում, միայն, եթե այնտեղ էպիկական մասշտաբների ֆեյլ կա, կամ, ասենք, զանգ է ստացվել վարչապետի աշխատակազմից:
Հենց որ հեռացրին «Հայկական Ժամանակի» նյութը, թեման որսաց «Արմենպրեսը», որը պետական լրատվամիջոց է: Այնտեղ վերնագրում գրել էին, որ Հայաստանը Շիշկինին քաղաքական ապաստան չի տվել: Բայց բուն նյութի մեջ դրա մասին խոսք չկա, այնտեղ Հայաստանի Միգրացիոն ծառայության մեկնաբանությունն է այն մասին, որ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել: Դա իբր թե ակնարկ է, որ Հայաստանը ոչ ոքի, այդ թվում և՝ Շիշկինին, ապաստան չի տվել` համաձայն այդ օրենքի: Եվ այստեղ սկսվում է մանիպուլյացիան:
Լավ, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը չի կիրառվել: Բայց Հայաստանում կա ուրիշ օրենք, որը կոչվում է «Փախստականների ու ապաստանի մասին»: Դրանք երկու տարբեր օրենքներ են, երկուսն էլ ենթադրում են փախստականի կարգավիճակի տրամադրում: «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում թվարկված են այն հիմքերը, համաձայն որոնց` Հայաստանը կարող է օտարերկրյա քաղաքացուն փախստական ճանաչել ու նրան համապատասխան կարգավիճակ տրամադրել: Այդ հիմքերը շատ չեն. Կամ մարդը հետապնդվում է որոշակի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու համար, կամ հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Վերջ, այլ հիմքեր չկան, կարող եք ինքներդ ստուգել (հոդված №6, մաս 1): Երաշխավորության նյութերում, որոնք Շիշկինը փոխանցել է Հայաստանի Միգրացիոն ծառայությանը, ասվում է, որ իրեն հետապնդում են հենց քաղաքական մոտիվներով. Իբր թե ինքը ընդդիմադիր գործիչ է ու վախենում է, որ իրեն կբռնի Պուտինը:
Այլ կերպ ասած`Հայաստանի իշխանությունները բոլորին ասել են, որ Վիտալի Շիշկինին «քաղաքական ապաստան» չեն տվել, բայց տվել են «քաղաքական մոտիվներով փախստականի» կարգավիճակ: Իբր թե դրանում ինչ-որ տարբերություն կա: Այսինքն` ձեզ հիմարի տեղ են դնում:
Այն բանում, որ նրան այդ կարգավիճակը տվել են, կասկած չկա: Ավելի ուշ Շիշկինը «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տվեց, որում հաստատեց, որ Հայաստանը նրան տվել է քաղաքական ապաստան և փախստականի կարգավիճակ: Հոդվածի տեքստում գրված է, որ լրագրողը տեսել է ապաստան տրամադրող փաստաթուղթը, ուր հղում է կատարված հենց «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքին:
Իսկ հետո… Հետո սկսվում է ապատեղեկատվության հերթական չափաբաժինը: Շիշկինն ասում է, որ ինքը ֆաշիստ չէ, որ իրեն վերագրվող հայացքները ռուսական ԶԼՄ-ներով տարածվող Անվտանգության ֆեդերալ ծառայության քարոզն է, քանի որ ինքն ընդդիմադիր գործիչ է, ու իրեն հետապնդում են: Իսկ «Ազատություն» ռադիոկայանը նրան լուռ երկրորդում է` Շիշկինի խոսքերը հերքող կամ հաստատող ընդհանրապես ոչ մի փաստ չբերելով: «Ազատությունն» իր օրակարգն ունի. Դա ամերիկյան, հակառուսական ԶԼՄ է, ով գտնելով Ռուսաստանում հետապնդվող ընդդիմադիր-քաղհալածյալի, նրան տեղը տեղին կմշակի, դա հասկանալի է: Բայց այլ, տեղական ԶԼՄ-ներ այդ ամենը պատճենում են, արտագրում, տարածում: Բայց հղումներ չեն տալիս. Հայաստանում ընդունված է նորություններ գողանալ, այլ ոչ հղում կատարել մրցակիցներին: Արդյունքում այսպիսի պատկեր է ստացվում. Ռուսական ԶԼՄ-ները ստեր են տարածել հարգված մարդու մասին, ով փորձելով փախչել ռուսական արյունարբու անվտանգության մարմիններից՝ իր փրկությունը գտել է Հայաստանում:
Հարգելի գործընկերներ, կորեք գրողի ծոցը:
Եթե դուք առհասարակ հասկանայիք, թե ինչ բան է լրագրությունը, ինչպես պետք է աշխատել ինֆորմացիայի հետ, և ինչ է ընթերցողի առջև ստանձնած պատասխանատվությունը, ես ստիպված չէի լինի ձեր փոխարեն կատարել ձեր աշխատանքը: Դուք ինքներդ կքրքրեիք ու կպարզեիք, թե ով է Շիշկինը ու ինչով է հայտնի: Ոչ թե «ռուսական լրատվամիջոցներում», որոնց մասին դուք, չգիտես ինչու, անընդհատ խոսում եք, այլ Ֆեյսբուքի Վիտալի Շիշկինի էջում, Меч-ТВ ալիքում, որը Շիշկինը բացել է YouTube-ում, բլոգեր Անդրեյ Չերնուխինի մոտ, որն իրականում Շիշկինի ֆեյքային օգտահաշիվն է, ուր նա գրում է ինքն իր մասին: Կծանոթանայիք այն քրեական գործերի նյութերին, որոնցով անցել է Շիշկինը: Վերջիվերջո, կգնայիք ու կքրքրեիք ռուսական ազգայնականների կայքերը, նրանց` 2011-2014թթ. հրապարակումները, կփնտրեիք «Шишкин», «Правые за европейское развитие», «Русский марш», «русские в Калуге» և այլն: Դուք ինքներդ կտեսնեիք, և կարիք չէր լինի հորինել որոշակի ԶԼՄ-ներ, որոնք սևացնում են Շիշկինին: Ի դեպ, մինչև երեկ, այս հիմարի մասին ռուսական լրատվամիջոցները վաղուց ոչինչ չէին գրել:
Վիտալի Շիշկինը ռասիստ է, ֆաշիստ, նացիստ ու պարզապես ստախոս տականք: Նա ինքն իր մասին գրում է, որ իրեն ռուս նացիոնալ-սոցիալիստ է հայտարարել: Եթե տեղյակ չեք, նացիոնալ-սոցիալիզմը Հիտլերյան Գերմանիայի և Հիտլերի կուսակցության պաշտոնական գաղափարախոսությունն է, այն կարճ նացիզմ են անվանում: Կարդում ենք շարունակությունը. «Նա ժողովրդին ոտքի է կանգնեցրել Մոսկվայում, Պուգաչյովում, Ուդոմլում, Պուշկինոյում, Իվանովոյում, Կալուգայում և այ շատ տեղերում էթնոհանցագործության դեմ: Մինչ պառակտումը ղեկավարել է «Ռուսները` Կալուգայում» կազմակերպության բաժանմունք»:
Նույն տեղում սևով սպիտակի վրա իր մասին գրում է. «Կազմակերպել է բողոքի ցույցեր Արզամասում»: Դա այնտեղ է, ուր 15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետևում կանգնած էր Շիշկինը: Նա ամենուր, ինչպես կարողանում էր՝ գոռում էր, որ ինքը ռուս ազգայնական է, նացիոնալ-սոցիալիստ, աջ: Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ասում է, որ այդ ամենը ռուսական հատուկ ծառայություններն են հորինել:
Այս մարդը միայն այստեղ չէ, որ խաբում է: Նա առհասարակ միշտ խաբում է: Օրինակ, նա ասում է, որ հենց որ իրեն բանտից ազատ են արձակել, անմիջապես իր նկատմամբ հետախուզում են հայտարարել, մեղադրում են Ռուսաստանն անօրինական լքելու մեջ, և որ այդ ամենն ապօրինի է: Դրա համար էլ իրեն պետք է փրկել: Բայց դա կատարյալ հիմարություն է: Ռուսաստանում կա ադմինիստրատիվ վերահսկողության օրենքը, և եթե մարդը կրկնահանցագործ է եղել, այսինքն` մի քանի անգամ միևնույն խախտումն է կատարել, նրա նկատմամբ ազատվելուց հետո լրացուցիչ միջոցառումներ են կիրառվում:
Նա չի կարող մասնակցել մասսայական միջոցառումներին, պետք է ամսական մի քանի անգամ ներկայանա ՆԳՆ, և այլն: Շիշկինը կրկնահանցագործ է, նրան 2 անգամ դատել են առանձնապես խոշոր չափերով խարդախության համար: Ադմինիստրատիվ վերահսկողության նորմեր թվում նրա նկատմամբ կարող էր կիրառվել նաև երկրից դուրս գալու արգելքը: Բայց նա փախել է, և բնական է, որ նրան հիմա փնտրում են: Կրկնում եմ, դա հիմարություն է: Ոչ ոքի նա ինքնակամ չի հանձնվել, ոչ ոք նրան չի հետապնդում:
Շիշկինը Проза.ру կայքում օգտահաշիվ ունի. Չէ՞ որ նա «գրող» է: Այնտեղ նա շատ զիլ մտքեր ունի: Օրինակ, նա այսպիսի մեջբերում է անում. «Ամենասարսափելին, որ կարող է սպասել Ռուսաստանում, այն է, որ լենինյան բոլշևիկները կստիպեն ռուս մարդկանց մոռանալ իրենց արմատների մասին: Ռուս մարդիկ կդադարեն Աշխարհի տիրակալների մեծագույն ցեղի շարունակողներին իրենց համարել: Իսկ իշխանության կգան նոր մահաբեր գաղափարի` ազգի ինքնության վերացման բարձրագույն աստիճանի, այսինքն` տոտալիտարության ու բազմազգության գաղափարի կրողները»: Եթե որևէ մեկի հետաքրքիր են այդ մտքերը, ահա հղումը:
Առանձին կարելի է կարդալ նրա կուսակցության մասին… Այն ВК-ում էջ ունի, ուր շարադրված են այդ կազմակերպության սկզբունքներն ու նպատակները: Ծավալուն տեքստից հետևում է, որ «կուսակցությունը ստեղծվել է կալուգյան բաժանմունքի բազայի վրա»: Հենց Կալուգայում է Շիշկինը գլխավորել «Ռուսներ» ազգայնականների տեղական բաժանմունքն ու հավաքել այդ քաղաքում առաջին «ռուսական քայլերթը»: Ողջ ծրագրային տեքստը լի է այսպիսի արտահայտություններով`
. Ռուսաստանը ռուսական հող է, և մեր նախնիները հարյուրավոր դարեր նրա համար արյուն են թափել:
. Մենք ռուսական պետության ու ավանդական արժեքների կողմնակիցն ենք:
. ենք համարում ենք, որ միայն մեր աշխատավորներն ու գործարարները, գիտնականներն ու զինվորականներն են ունակ ապահովել Ռուսաստանի հաջողությունը:
. Մենք պնդում ենք, որ թող մուլտիկուլտուրալիզմը զարգանա որիշների մոտ, մենք գնահատում ենք սեփական ինքնությունը:
. Մենք չպետք է ստրուկների պես զավթիչներին խնդրենք մեր երեխաներին առողջ ու ուժեղ դառնալու հնարավորություն տալ:
. Մեր ներկայիս իշխանությանը պետք չեն սեփական ռուս տղաները` որպես հայրենիքի պաշտպաններ:
Ահա այսպիսի քաղաքականություն ու հայացքներ ունի Շիշկինը:
Ի դեպ, Շիշկինն ասում է, որ մինչև 1992թ. իր առաջին ձերբակալությունը նրանից բռնագանձվել է 5 միլիոն դոլար և 50 մեքենա: Այս ինֆորմացիան «Белое сплочение» կայքից է վերցված, ուր հավաքվում էին բոլոր տեսակի նացիոնալ-տականքները ու տարածում իրենց նացիստական գաղափարներն այն մասին, որ կան սպիտակ արիացիներ և կան մնացած երկրորդ տեսակի մարդիկ: Շիշկինն այնտեղ անընդհատ պտտվում էր, իսկ երբ կայքը փակեցին, նրա մասին նյութերը պատճենվեցին ու տեղադրվեցին վերոնշյալ ԺԺ-բլոգում: Սա՝ իմիջիայլոց: Էությունն այն է, որ Շիշկինը պնդում է, թե իբր 20 տարեկանում նա դոլարային միլիոնատեր է եղել ու կանգնած ֆինանսական խմբի գլխին, որն իրենից խլել են: Իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Շիշկինն առհասարակ որևէ կրթություն չունի, իսկ իր երեք պատժաչափերից երկուսը նա ստացել է խարդախության համար:
Ստորև ես հավաքել եմ Շիշկինի լուսանկարները: Հիմնականում դրանք վերցված են Շիշկինի ֆեյսբուքյան էջից, բայց կան նաև այլ կայքերից սքրինշոթեր, ոչ ԶԼՄ-ներից, պետք է նկատել: Այդ լուսանկարներում Շիշկինը մասնակցում է նացիստական «ռուսական քայլերթերին», Կալուգայում վարում է նացիստների նիստը, հայտարարում, որ հանդիսանում է Արզամասի վայրագությունների հեղինակը: Նա ինքն է դա անում: Բացի դրանից, ասում է, որ պատրաստվում է ճամփորդել ու փնտրում է ուղեկցուհի, քանի որ ինքն արդեն 6 երեխա ունի տարբեր կանանցից, բայց, ըստ երևույթին, էլի կլինեն դեռ: Հիմա նա ճամփորդելով՝ հասավ մինչև Հայաստան: Մի լուսանկարում նա ռուս նեոնացիստների խորհրդանշանի հետ է լուսանկարված, իսկ կրծքին` նույն նեոնացիստների ևս մեկ սիմվոլի` ռուսական կայսերական դրոշի ժապավենն է: Պարզապես բացեք Վիքիպեդիան, «Նեոնացիզմը Ռուսաստանում» հոդվածն ու նայեք այն հատվածը, ուր նկարագրվում է նրանց սիմվոլիկան: Եթե դրանից հետո Շիշկինը ռուսական ազգայնական չէ, ուրեմն ուսին սվաստիկա կրող ու «Զիգ հայլ» ճչացող մարդը նացիստ չէ:
Ես երեկ գրել էի, որ չգիտեմ` արդյո՞ք Շիշկինը խաբում է ապաստանի հարցում: Այժմ գիտեմ` չի խաբում: Հայաստանն ապաստան է տրամադրել նացիստական աղբի կտորին, ով, եթե ոչ ողջ կյանքը, ապա նրա նշանակալի մասը նվիրել է հայերի վտարումներին: Ինձ համար հասկանալի է, թե ինչու է այդ ամենը ժխտում Շիշկինը. Քանի որ գարշահոտ տականքն ուզում է ծվարել ջերմ հայկական գրկում:
Իսկ ահա թե ինչու են նրան դրանում օգնում Հայաստանի իշխանությունները, ես չեմ հասկանում: Կամ նրանք դեբիլ են, կամ… իսկապես դեբիլ են»:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը