«Բացասական եմ գնահատում, անտեղի եմ համարում ընդհանրապես». Ալեն Սիմոնյանը՝ Դանիել Իոաննիսյանի գրառման մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆեյսբուքյան գրառումը բացասական արձագանքներ գտավ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում:

Հիշեցնենք, որ նա մասնավորապես գրել էր. «Եթե Վլադիմիր Պուտինն ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»:

168.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով բացասական գնահատեց Դ. Իոաննիսյանի գրառումը:

Հարցին, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նա պատասխանեց. «Հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը ոչ մի պետական մարմին չի ներկայացնում՝  չեմ կարծում, որ ուշադրություն կդարձնեն: Այնուամենայնիվ, բացասական եմ գնահատում յուրաքանչյուր երկրի ղեկավարի նկատմամբ նման արտահայտությունները»:

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե պետական մարմին չի ներկայացնում, սակայն իր ղեկավարած կազմակերպությունը Կառավարության կողմից Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար դրամաշնորհ ստացած երկու կազմակերպություններից մեկն է, Ա. Սիմոնյանը նշեց.

«Ըտենց 100 հատ դիտորդական կազմակերպություն կարող է լինել, ու… ինչ ասեմ…, համենայն դեպս, բացասական եմ գնահատում, անտեղի եմ համարում ընդհանրապես»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին: Այդ գումարից 16.200 միլիոն դրամը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է  «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հ/կ-ին, 17.400 միլիոն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնին», որպեսզի այս կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնեն Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

168.amը պարզաբանում էր խնդրել ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թե ինչու են հենց այս երկու կազմակերպություններն ընտրվել: Այնտեղից պատասխանել էին, որ հաշվի են առնվել մի շարք չափորոշիչներ:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս