Արտակ Դավթյանը չի բացառում, որ իր հեռանալուց հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կստանձնի իր առաջին տեղակալը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով իր հնարավոր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին հարցին, ինչպես նաև իր և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև առկա լարվածությանը, ասաց, թե Պաշտպանության նախարարի հետ որևէ տարակարծություն չունի:
«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, և կատարում ենք նախարարի հրամանները: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասաց նա:
Թե որտեղի՞ց են տարածվել այդտեղեկություները, Արտակ Դավթյանն առաջարկեց տարածողներից ճշտել:
«Ոչ մի հարցում անհամաձայնություն չկա: Յուրաքանչյուր մեծ որոշում ընդունելուց առաջ բոլորս հայտնում ենք մեր կարծիքը, որոշման ընդունումից հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումը: Ոչ մի տարակարծություն ոչ մի հարցի շուրջ չունենք»:
Ըստ մամուլի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի հնարավոր հեռացումից հետո քննարկվում է իր Առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանի անունը: Արտակ Դավթյանը չի բացառում, որ իր հեռանալուց հետո իր պաշտոնը հենց նրան էլ կտան:
«Երբ որ ինձ կհանեն, կամ ես դուրս կգամ, բնական է, Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է և կարող է նշանակվել: Եթե նայել եք պատմության մեջ ոչ մի շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի ծառայել, բոլոր շտաբի պետերն էլ ժամանակին դուրս են գալու»:
Հյուսիսարևելյան սահմանում առաջխաղացման և Չինարիի պակաս խոցելի դառնալու մասին էլ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրաժարվեց ավելին ասել, քան ասվել է պաշտոնապես:
«Այդպես կարելի է ավելի շատ վնասել, քան օգնել»,- ասաց նա:
Անահիտ Հովհաննիսյան