Զգուշացում՝ պատգամավորներին․ մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության նիստից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին նիստ է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, որից հետո էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը:
Թերթի տեղեկություններով` երեկվա նիստում կրկին ընդհանուր առմամբ քննարկվել է մեկնարկելիք նստաշրջանում պատգամավորների աշխատելաոճի հետ կապված հարցեր, քանի որ վերջին շրջանում հաճախ են այդ պատճառով դժգոհություններ լինում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:
Եվ, ահա, թերթի տեղեկություններով` երեկ պատգամավորներին մեկ անգամ եւս զգուշացվել է, որ պետք է խմբակցության հետ համակարգված, համաձայնեցված աշխատել, որպեսզի չլինեն այնպիսի քայլեր եւ արարքներ, որոնց մասին խմբակցության ղեկավարը տեղյակ չլինի:
Խոսքը վերաբերում է նաեւ նոր նախաձեռնություններով հանդես գալուն, օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելուն:
Այլ կերպ ասած, պատգամավորներին ասվել է, որ այսուհետ նոր նախագծերը մինչեւ շրջանառության մեջ դնելը, դրանք քննարկելը պետք է այն ներկայացնել խմբակցության ղեկավարին, մյուս պատգամավորներին, որպեսզի վերջիններս եւս տեղյակ լինեն դրանց մասին: Այսինքն` խմբակցությունում ցանկանում են իմանալ եւ վերահսկել պատգամավորների յուրաքանչյուր քայլը՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: