ԱՄՆ-ն ՀՀ-ի առջև պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից, Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել

Եվ ահա։ 168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման փաստը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը։

Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ  Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից։ Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև։ Վերջինիս մտահոգել է՝ ի՞նչ պատասխանել ԱՄՆ-ին։ Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին։

Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձել են հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին։ Թե ինչ կորոշի և ինչպես կապատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս հայտնի չէ։

Իսկ այն, որ արտաքին քաղաքական մարտահրավերները հայկական դրոշի ներքո Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո սրվելու էին՝ զգուշացնում էին և ընդդիմադիր գործիչները, և փորձագետները։ Նախկին իշխանությունները կարողանում էին ավելի ճկուն գտնվելով՝ խուսափել նման խնդիրներից՝ պահպանելով աշխարհաքաղաքական բալանսը։ Փաշինյանն իր իսկ ձեռքով իր շուրջ օղակը օր օրի սեղմում է՝ չհետևելով բոլոր զգուշացումներին.  երբ զուտ իշխանություն պահպանելու համար արվում են նման չհաշվարկված քայլեր, հետևանքները ծանր են լինում։ Եվ առաջին հերթին՝ երկրի համար։ Ի դեպ, չմոռանանք՝ հընթացս եռում է Ամուլսարի «կաթսան»։

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս