«Բանակում առաջին օրը 5-10 կմ марш-бросок են տալիս, վերջ, գալիս, նստում ու գրում է՝ մամա ջան, հասեք, թե չէ կկախվեմ». Հովհաննես Կիրակոսյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին դասախոս Հովհաննես Կիրակոսյանը կարծում է, որ ֆիզկուլտուրա առարկան շատ վատ է դասավանդվում թե՛ դպրոցում, թե՛ բուհում, ու կոչ է անում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Ֆիթնես ակումբներում մարդիկ հիվանդանում են»
– 30 տարի է՝ ոչ մեկը սպորտին ուշադրություն չի դարձնում: Եղել է, որ ասուլիսների են հրավիրել մարզիչների, ֆեդերացիաների նախագահների, բոլորը բողոքել են նրանից, որ մասնագետներ չկան: Իրավագետ, ֆինանսիստ, հեչ չէ՝ 100-ից մի 5 հոգու կարելի է առանձնացնել՝ որպես լավ մասնագետ, բայց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դա բացակայում է: Մեր երեխաները մեղք են, մեր ժողովուրդը մեղք է: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան առողջ լինի, բայց ի՞նչ է կատարվում հիմա: Դեռևս 1970-ական թվականներին մենք կուլտուրիզմը հերքեցինք, հիմա չգիտես ինչ հոլդինգներ են, ֆիթնես ակումբներ, որ մարդկանց հիվանդացնում են: Այսինքն՝ այդ սխալ վարժությունները բերում են ողնաշարի ծռման, իսկ մեր երիտասարդներն անպայման ուզում են ցույց տալ, որ ուժեղ են, մկանուտ: Այդ ամենը խաբուսիկ է, բոլորը հիվանդանում են:
«Երեխան ամբողջ օրը նստում, սկսում է խաղալ ու ողնաշարի հերն անիծում է»
– Մանկապարտեզից սկսած, դպրոցից ու բուհից վերջացրած՝ ոչ մի բան չի արվում: 3-5 տարեկան հասակից մեծ ուշադրություն պետք է դարձնենք երեխայի կեցվածքին: Մանկապարտեզներում ի՞նչ են կատարում՝ ոչինչ: Երաժշտության ներքո մի հատ ծափ են տալիս, հետո երեխան ամբողջ օրը նստում, սկսում է խաղալ ու ողնաշարի հերն անիծում է: Ի դեպ, երեխան որ օրը սկսեց քայլել՝ կոշիկները պետք է օրթոպեդիկ լինեն, որպեսզի այդտեղից արդեն նրա մոտ հիվանդություններ չառաջանան, ինչպես նաև ճիշտ քայլել սովորի:
Դպրոցներում ի՞նչ է կատարվում՝ «Որսորդներ, բադեր» խաղը, ֆուտբոլ… բայց ծնողները չեն մտածում, որ մեկ ավելորդ շրջանը ծանրաբեռնվածություն է:
Առանձին-առանձին մկանախմբերի վրա պետք է ուշադրություն դարձնել: Մարմնամարզությունը համարվում է սպորտի թագավորը: Մենք սովորական մարմնամարզական վարժություններով կարող ենք յուրաքանչյուր հիվանդություն բուժել, կանխարգելել: Որովայնի մկանախմբերը շուտ են թուլանում, ու պատկերացրեք, թե որքան հիվանդություններ են առաջացնում օրգանիզմում:
Սիրտ-անոթային համակարգն է շարքից դուրս գալիս, թոքերի կենսական տարողությունն է քչանում, գրիժաներ են առաջանում, և այլն:
Ողնաշարը պետք է խնամել. ուղիղ և թեք մկանախմբերի դերը հիմնականում մեկ օրգանի վրա է գնում՝ ստոծանու: Երբ շնչում ենք, սեղմում է ստոծանին, ու թոքերը բացվում են, եթե լավ չսեղմես՝ թոքերը կիսատ են բացվում: Նկատած կլինեք, որ փոր ունեցող մարդիկ շենքի երկու աստիճան բարձրանում են՝ արդեն սկսում են հևալ: Ուրեմն որովայնի ուղիղ և թեք մկաններն այնքան ուժեղ պետք է լինեն ու լավ մշակված, որպեսզի լավ սեղմեն ստոծանին, սա էլ իր հերթին՝ թոքերին, որ մարդը կարողանա լիարժեք շնչել:
«Երեխան բանակում առաջին օրը գնում շարք է կանգնում, 5-10 կմ марш-бросок են տալիս, վերջ, գալիս, նստում ու գրում է՝ մամա ջան, հասեք, թե չէ կկախվեմ»
– ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն այդքան գոռում է, բայց դպրոցում ի՞նչ է արել: Տնօրենների է փոխում, ուսմասվարների… Հա, լավ է անում, դասագրքերի առումով էլ մեծ բան արեց, բաժանեց երկու մասի, բայց… դասատուն մտնում է դասարան, ուսումնական գծով տեղակալը գիտի՞, թե նա ի՞նչ է դասավանդում, ի՞նչ խնդիրներ են նրա առջև դրված, կազմակերպչական ի՞նչ մեթոդներ է օգտագործում:
Կա մի մեթոդ, որ բոլոր ուսուցիչները խուսափում են, դա անհատական առաջադրանքների մեթոդն է: Դպրոցում, եթե, օրինակ, 30 աշակերտ է, յուրաքանչյուրը պետք է ունենա իր ֆիզիկական կուլտուրայի օրագիրը: Ուսուցիչն առաջին հերթին պետք է ճանաչի աշակերտին, նրա հոգեբանությունը, մտածելակերպը, մկանախմբերը՝ շարժողական հատկությունների իմաստով: Պետք է մշակի մկանային ուժը, ճկունությունը, և այլն: Տա վարժություններ, որոնք կատարեն նաև տանը: Այսինքն՝ երեխային մինչև 18 տարեկանը պատրաստում են և՛ աշխատանքի, և՛ բանակի համար: Երեխան որ դարձավ 18 տարեկան՝ պետք է պատրաստ լինի թե՛ աշխատանքին, թե՛ Զինված ուժերում ծառայելուն: Գնացեք Չեչնիա, տեսեք, թե 17-18 տարեկան ինչ տղաներ են, իսկ մեզ մոտ խուսափում են բանակից, որովհետև պատրաստ չեն: Տղան առաջին օրը գնում, շարք է կանգնում, 5-10 կմ марш-бросок են տալիս, վերջ, գալիս, նստում ու գրում է՝ մամա ջան, հասեք, թե չէ կկախվեմ:
Խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ Միխայիլ Կալինինը երեք առարկա էր ճանաչում՝ մայրենի լեզուն, մաթեմատիկան, ֆիզկուլտուրան:
Էն՝ մեկ, երկու, երեք վարժություները պետք է վերացնեն… մեր մարզիչներն էլ են անգրագետ: Ցանկացածն էլ հիմա կարող է գնալ ու մարզիչ աշխատել. ինչ իրենց մարզիչը պարապել է, նույնն էլ իրենք են անում… եկեք, վարժություններ եք անում, մկանները տաքացնում եք, հետո վազում…
«Ինչքա՞ն կարելի է համբերել. էլի նույն վիճակն է՝ խնամի-ծանոթ-բարեկամ»
– Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ուսանողների մեծ մասը դասի չի էլ գնացել, միայն դիպլոմն են վերցրել: Ինստիտուտի ֆուտբոլի դաշտը, հանրակացարանը վաճառեցին, Օղակաձև այգում թենիս էին խաղում, և՛ սիրողական, և՛ պրոֆեսիոնալ պարապում էին, դա էլ վերացրեցին:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ռեկտորի նոր ընտրություն է սպասվում, բայց արդեն խոսակցություններ կան, թե ում են նշանակելու այդ պաշտոնում, բայց մարդն առաջին հերթին պետք է մարդ լինի, հետո պրոֆեսիոնալ, աշխատանքային փորձ ունենա, փայլուն ստեղծագործական միտք ու պետական մտածելակերպ: Եթե յուրաքանչյուր մարդ իր տեղը չաշխատեց՝ կտուժենք: Ինչքա՞ն կարելի է համբերել. էլի նույն վիճակն է՝ խնամի-ծանոթ-բարեկամ.. վերջապես այդ ինստիտուտը մեկը պե՞տք է ղեկավարի, ու որակյալ կադրեր դուրս գան այնտեղից, թե՞ չէ: Ուսանողը պետք է գիտելիք ունենա, գնա մանկավարժական պրակտիկայի ու աշխատի դպրոցում: Բայց ոչ, նախընտրում են ֆիթնես ակումբներում աշխատել, որի պատճառը նաև գումարի մեջ է:
Անի Կարապետյան