
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարել իր մասնակցությունը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերին, ինչը հնարավորություն է տալիս անմիջական մասնակցությամբ ներկայացնել առաջարկներ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կոռուպցիայի համակարգային բացասական ազդեցությունը մարդու իրավունքների համակարգի և իրավունքի գերակայության վերաբերյալ:
Նիստի ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ լրամշակված նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 18 հիմնական նկատառում, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են:
Արման Թաթոյանը խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող ինստիտուցիոնալ համակարգի մասին: Նա նշել է, որ Ռազմավարության նախագծի այս տարբերակը ենթարկվել է էական լրամշակման՝ կարևորելով երաշխավորելը նախագծով առաջարկվող Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը քաղաքական որևէ մարմնից կամ որևէ տեսակի քաղաքական ազդեցությունից: Խոսքն առաջին հերթին վերաբերում է հանցավորության դեմ պայքարի ոլորտին: Ռազմավարությամբ նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվելու է ներկայում գործող քննչական մարմինների գործառույթների վերաբաշխման հիման վրա: Այս առնչությամբ պաշտպանը կարևորել է, որպեսզի խոշտանգման գործերը շարունակի քննել Հատուկ քննչական ծառայությունը՝ որպես անկախ քննչական մարմին:
Պաշտպանը նաև խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի հարաբերակցության մասին: Նիստին քննարկվել է նաև հայտարարագրերի ներկայացման, Ռազմավարության ընդունման դեպքում դրա հիման վրա նախատեսված միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքների կարևորությունը և այլն: