Բաժիններ՝

«Գոնե ևս երկու օր ինձ սպասեիք Թբիլիսիում և պատասխաններն ստանայիք Թբիլիսիում». Սալոմե Զուրաբիշվիլի

Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն է, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հրաժարվելով Ֆրանսիայից մեկնաբանել իր ընդունած վերջին որոշումը:

Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին 34 կալանավորի ներում էր շնորհել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Մարիամոբայի կապակցությամբ: Նրանց թվում հայտնվել է նաեւ Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար:

Դա հարուցել է ընդդիմության եւ շարքային քաղաքացիների վրդովմունքը. սոցցանցերում չի դադարում թեմայի քննարկումը: «…Եթե հարկավոր է ինչ-որ ավելի հանգամանալի հայտարարություն անել, ես կարծում եմ, որ դա պետք էանել Թբիլիսիում»,- ասել է Զուրաբիշվիլին Imedi հեռուստաընկերությանը:

Ընդսմին նա ափսոսանք է հայտնել այն բանի պատճառով, որ Եվրոպա իր այցի ժամանակ, որտեղ քննարկվում են երկրի համար կարեւոր հարցեր, փորձ է արվում ուշադրությունը շեղել այլ հարցի վրա:

«Գոնե եւս երկու օր ինձ սպասեիք Թբիլիսիում եւ պատասխաններն ստանայիք Թբիլիսիում: Այսօր կարեւորն այն է, թե ինչ է տեղի ունենում այստեղ եւ եկեք խոսենք այդ մասին»,-նշել է Զուրաբիշվիլին: 22-ամյա ոստիկան Թարաշ Մուքբանյանի սպանությունը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում:

Հետաքննության տվյալներով՝ նրա եւ Դեւաձեի միջեւ, որը եղել է ոչ սթափ վիճակում, տեղի է ունեցել խոսքակռիվ, որի ընթացքում Դեւաձեն ոստիկանից խլել է ծառայողական զենքը եւ կրակել նրա գլխին: Մուքբանյան տեղում մահացել է:

2015 թվականի սեպտեմբերին Դեւաձեն դատապարտվել է 12 տարվա բանտարկության: Նա ազատ է արձակվել մի քանի օր առաջ: Նախագահին դատապարտել է նաեւ Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլին: «Ինձ համար անընդունելի է այս դեպքը՝ ներում շնորհել ոստիկանին սպանելու համար դատապարտվածին, որը չի կրել իր պատժաժամկետի նույնիսկ կեսը»,-ասել է Օհանաշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս