Իսպանիայի ռազմածովային նավը երկիր է հասցրել Open Arms-ի փրկած միգրանտների մի մասին
Իսպանիայի ռազմածովային նավատորմի նավն օգոստոսի 30-ին Իտալիայից պիրենեյան թագավորություն է հասցրել այն միգրանտների մի մասին, որոնք փրկվել էին Proactiva իսպանական ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավի կողմից: Այդ մասին ասված է կառավարության տարածած մամուլի տեղեկագրում:
15 անօրինական միգրանտներով նավը մտել էր Սան-Ռոկե նավահանգիստ (Անդալուզիայի ինքնավար հանրակցություն):
Ռազմածովային նավատորմի նավը Սիցիլիայի ափերից մեկնել էր օգոստոսի 27-ին: Միգրանտների թվում, որոնց համաձայնել էր ընդունել Մադրիդը, յոթ պետությունների քաղաքացիներ են, նշվում է հաղորդագրության մեջ:
Open Arms-ը միգրանտներին օգնություն էր ցույց տվել օգոստոսի սկզբին՝ Միջերկրական ծովի ջրերում: Երբ ՈԿԿ-ի նավն արդեն շուրջ երեք շաբաթ էր անցկացրել՝ սպասելով որեւիցե եվրոպական երկիր մուտքի թույլտվության, Ագրիջենտո քաղաքի (Սիցիլիա կղզի) դատախազությունը որոշել էր բռնագրավել նավը եւ մոտավորապես հարյուր անօրինական միգրանտի տարհանում իրականացնել, որոնք գտնվում էին նավի վրա: Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտնել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան եւ Պորտուգալիան համաձայնել են ընդունել միգրանտներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: