«Իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս». «Փաստ»

««Փաստ» թերթին ուշագրավ մանրամաս­ներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձեւակերպմամբ, «խոհանոցից»:

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությու­նում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բեւեռներ եւ այլն: Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թեւի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույ­նիսկ առանձին՝ «Կանաչների» «խմբակցություն» ստեղծելու գաղափարը:

Ահա այս կապակցությամբ թերթի ՔՊ-ական աղբյու­րը փոխանցել է, որ խմբակցության նեղ շրջանակներում արդեն հաշվարկներ են գնում, թե հնարավոր տրոհումից հետո ինչ թիվ կկազմի «փաշինյանական» բլոկը:

Ըստ նախնական հաշվարկի, պայմա­նական ասած՝ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ հնարավոր է ընդգրկվի մոտ 20 պատգամավոր: Ի դեպ, ըստ լուրերի, սա եւս նախապես մշակված տակտիկա էր, որ­պեսզի քաղհասարակության իմքայլական հատվածն իշխանության գալուց հետո «պոկվի» Փաշինյանից, դե, իսկ Ամուլսարը բավականին լավ առիթ է այդ գեղեցիկ «բաժանումը» հիմնավոր կազմակերպելու համար:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչեւ տարեվերջ, այսինքն՝ մինչեւ նստաշրջանի ավարտը:

Ընդ որում, այս­տեղ առկա է տեսակետների բախում, մի մասի կարծիքով՝ Փաշինյանը մասնակից է այդ մշակված տակտիկային եւ այսպիսով իր ներսից ընդդիմություն է ձեւավորում, մյուս մասի «համոզմամբ»՝ իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս, եւ վերջինս ամեն ինչ անում է առկա կացությունից դուրս գալու նվազա­գույն կորուստներով:

Ի դեպ, հաշվի առնե­լով, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նոր խմբակցություն ձեւավորել, իսկ, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակը համակարգված գործունեու­թյան համար բարենպաստ չէ, նեղ շրջանակներում քննարկվում է նաեւ համապա­տասխան օրենսդրական փոփոխություն­ներ իրականացնելու հնարավորությունը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս