Բաժիններ՝

«Ասում են՝ Հայաստանում ոչխարաբուծությունը զարգացել է. գյուղացին չի կարողանում անասուն պահել, նրա՛ համար պետք է պայման ստեղծել, ոչ թե՝ օլիգարխի»

Հայաստանի 450.000 հեկտար գյուղատնտեսական հողերից 200.000-ը չի մշակվում: Պատճառները տարբեր են:

«Շատ մարդիկ չեն օգտագործում հողը, ու այս խնդիրն է առաջանում. կան և՛ ալարկոտ, և՛ աշխատասեր մարդիկ… մեկը կա՝ քարից ու հողից հաց է քամում գիշեր-ցերեկ աշխատելով,  մյուսն էլ միայն մեծ-մեծ խոսում է, ոչինչ չի անում: Հողը կենդանի օրգանիզմ է, պետք է անընդհատ մշակես, որպեսզի ակտիվ լինի, բերրիությունը բարձրանա, իսկ, եթե հողը չես մշակում, 1-2 տարի ու ավելի շատ, էռոզիայի  է ենթարկվում, քամիների, անձրևների ու մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ պնդանում է ու մշակելու համար ոչ պիտանի է դառնում: Շատ աշխատանքներ պետք է կատարեն, որպեսզի դարձնեն մշակովի հողեր: Այս ուղղությամբ պետական քաղաքականություն չի տարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

«Վերջերս ՀՀ վարչապետը Վայոց Ձորի մարզում էր: Գնդեվազ, Սարավան, Սարալանջ, Ուղեձոր, Գորայք, Արտավան, համայնքների բնակչությունը զբաղվել և զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ և պտղաբուծությամբ:

Այդ գյուղերի գյուղացիները վարչապետից պետք է պահանջեն, որպեսզի հանքը վերաբացելու փոխարեն՝ իրենց գյուղերում ստեղծեն գյուղատնտեսությամբ զբաղվելու նորմալ պայմաններ: Ժամանակին այգիներ էին հիմնում, ֆերմաներ սարքում, հիմա բացարձակ տեր չեն լինում, տվել են օլիգարխների ձեռքը: Ասում են՝ Հայաստանում ոչխարաբուծությունը զարգացել է. գյուղացին չի կարողանում անասուն պահել, նրա՛ համար պետք է պայման ստեղծել, ոչ թե՝ օլիգարխի»,- հավելեց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը նշեց, որ  գյուղատնտեսության մեջ առանձնապես շարժ չի տեսնում:

«Մեկ բան գիտեմ. անասունների շրջանում հիվանդություններ են ընկել թե՛ խոզերի, թե՛ կովերի մոտ: Սրսկումներ չեն արվում: Այս տարի սարսափելի է լինելու, անասնակեր չկա, ստիպված պետք է մորթեն, իսկ դրա արդյունքում կաթնամթերքն ու մսամթերքը կթանկանան»,- նկատեց  Սարգիս Սեդրակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս