Սուրեն Պապիկյանը Իրանի դեսպանի հետ հրաժեշտի հանդիպմանը քննարկել է համագործակցության օրակարգը Հայաստանում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անձնական ներդրումը և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ։ «Հաշվի առնելով մեր երկրների միջև առկա երկարամյա համագործակցությունը և երկկողմ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժը, մենք պետք է սահմանենք բազմաոլորտ փոխգործակցության առավել բարձր նշաձող»,- նշել է նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը գոհունակությամբ հայտնել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում ականատես է եղել տարբեր ուղղություններով հայ-իրանական հարաբերությունների կայուն զարգացմանը և հավելել, որ իրանական կողմը շահագրգիռ է ընդլայնել համագործակցության օրակարգը Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած երիտասարդ ու նախաձեռնող ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության սերտացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ։