
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:
ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել է դատարանին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել է քննիչի՝ ձերբակալման որոշումը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը հայտնել էր, որ 2 օր առաջ՝ վաղ առավոտից. ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։
«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասել էր նա:
«Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով»,-հավելել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ավելի ուշ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: