
Գերագույն ռադայի խոսնակ է ընտրվել «Ժողովրդի ծառա»-ից պատգամավոր Դմիտրի Ռազումկովը

Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը: Նոր գումարման Ռադայի առաջին լիագումար նիստում նրա օգտին քվեարկել է 382 ժողովրդական պատգամավոր:
Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել «Եվրոպական համերաշխություն» («Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության նոր անվանումը) խմբակցության 26 պատգամավոր։
Ռազումկովը 35 տարեկան է, նա երկու բարձրագույն կրթություն ունի՝ տնտեսական եւ իրավաբանական, 2006 թվականից նա զբաղվել է քաղտեխնոլոգիաներով եւ քաղաքական խորհրդատվությամբ: Այժմ նա ղեկավարում է Ukrainian Consulting Grouр սեփական կոնսալտինգային ընկերությունը:
2019 թվականի նախագահական ընտրություններում նա Վլադիմիր Զելենսկու ընտրական շտաբի ղեկավարներից մեկն էր: Խորհրդարանական ընտրություններում նա գլխավորել է
«Ժողովրդի ծառա» կուսակցության ընտրական ցուցակը:
Նոր գումարման Ռադայի աշխատանքի առաջին օրը Ուկրաինայի կառավարությունը վայր է դրել լիազորությունները:
Զելենսկին Ռադային է ներկայացրել նախագահի դիվանատան փոխղեկավար Ալեքսեյ Գոնչարուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնի, դիվանագետ Վլադիմիր Պրիստայկոյի թեկնածությունը՝ արտաքին գործերի նախարարի, Ռուսլան Ռյաբոշապկայինը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնի համար: Նա առաջարկել է ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում թողնել Արսեն Ավագովին, հաղորդել է «Ինտեֆաքս» գործակալությունը: