«Նիկոլ, ո՞ւր են այդ փողերը». Գուրգեն Եղիազարյան
ԱԱԾ նախկին պետի տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի համար զարմանալի չէ, որ ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալեցին ոչ թե 1,5 տարի առաջ, այլ դրանից հետո, քանի որ այսօր դրանով ցանկանում են հանրության ուշադրությունը շեղել Ամուլսարի հարցից։
Ըստ նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց էր խոսում այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը ահռելի վնասներ է հասցրել, բայց, չգիտես ինչու՝ իշխանության գալուց հետո նրան չձերբակալեց։
«Նախկինում վարչապետն ասում էր, որ Գագիկ Խաչատրյանը շոկոլադի մոնոպոլիստ է, Փարիզում սրճարան ու բնակարան ունի, միլիոններ ունի, և այլն։ Հետո խոսակցություններ եղան, թե իբրև Գ. Խաչատրյանը 200 մլն դոլարով երկրին օգնել է, որից հետո Նիկոլն ասաց, որ այդ գումարը բյուջե չի մտել, քանի որ դրանով զենք են գնել։ Հիմա ասում է, որ շատ բան է արել, քանի որ դա ուղիղ կոռուպցիա է, մի ժամանակ ասում էր, ով կոռուպցիայով զբաղվի՝ կբռնեմ ու կնսեմացնեմ, հիմա թող ինքն իրեն նսեմացնի, քանի որ այսօր ինքն է առաջին կոռուպցիոները, որևէ մեկի մտքով չի անցել 200 մլն դոլարը վերցնի ու դնի գրպանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Եղիազարյանը։
Ըստ նրա, անհասկանալի է, թե ինչպես են որոշել, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պետք է տա 200 մլն դոլար՝ «եղո՞ւնգ են նայել»:
«Նիկոլ, ո՞ւր են այդ փողերը, որ 200 մլն վերցրել ես, չե՞ս հարցրել՝ որտեղի՞ց են աշխատել այդքան փող: 1,5 տարի թողնում են, որ մարդը պատրաստվի, հետո էլ կարող է զանգել ու հետաքրքրվել, թե որ գան խուզարկության, հո բան-ման չկա՞։ Վաղն այդ մարդուն բաց են թողնելու, խոսքերս հիշեք, այդ «200 միլիոնանոց» տղան դուրս է գալու»,- ընդգծեց նա։
Զվարթ Խաչատրյան