«Դիտարկելով Նիկոլ Փաշինյանի պահվածքը` կանխատեսում եմ, որ շատ վատ բաներ կլինի, եթե ժողովուրդն ընդվզի». Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ Ամուլսարի հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է «պարադոքսալ խնդիր», քանի որ, եթե շահագործի հանքը, ապա հակասելու է հեղափոխության գաղափարներին և ոտնահարելու է ժողովրդի կամքը, մյուս կողմից՝ հեղափոխության պատվիրատուները հանդես են գալիս՝ որպես հանքի շահառուներ, որոնք երբեք թույլ չեն տա, որ այն չշահագործվի։

«Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը վատ իրավիճակում է, որի մեղավորն ինքն է, քանի որ ուրիշների ձեռքով եկել է իշխանության։ Ամուլսարի դեպքն Իջևանի դեպքերից չէ, որ, օրինակ՝ մեղադրեն մարդկանց, թե գողություն են անում։ Այստեղ լուրջ շահեր կան, և համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուժ է կիրառելու, և եթե մի քանի հազար մարդ հավաքվի Կառավարության դիմաց և նրա հրաժարականը պահանջի, ապա մենք չգիտենք, թե ինչպես կարձագանքի այդ ամենին։ Նա ադեկվատ չէ, և համոզված եմ, որ ի տարբերություն նախորդ նախագահների՝ նման իրավիճակում նա իրեն չի պատկերացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Հարությունյանը։

Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն պնդումներին, որ Ամուլսարը պետք է շահագործվի, Արամ Հարությունյանն ասաց. «Անիմաստ է մեկնաբանել նրան, քանի որ նրա կարծիքները հակասում են մեկը մյուսին, նրա ամենամեծ հակառակորդը հենց ինքն է»:

Ինչ վերաբերում է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը և Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելուն, Արամ Հարությունյանն ասաց, որ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը «դրուժինայի» մակարդակից այն կողմ դեռ չի հասել, ուստի դեպքերը, որոնք տեղի են ունենում ոստիկանությունում, բնական են։

«Քանի որ ոստիկանապաետն իր տեղում չէ, բնականաբար, ոստիկանները Նիկոլ Փաշինյանի հրամանով պետք է ուժ կիրառեն։ Բայց բոլոր ուժայինների ղեկավարներին ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը Թութանհամոնը չէ, որ իրենց նրա հետ դնեն գերեզման։ Նրա գնալուց հետո նրանց երեխաներն այստեղ են ապրելու։ Դրա համար եմ ասում, որ այսօր դիտարկելով Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ կանխատեսում եմ, որ շատ վատ բաներ կլինի՝ եթե ժողովուրդն ընդվզի, իսկ ժողովուրդն ընդվզելու է։ Այսօր մենք իրավունք չունենք երկիրը թողնելու ոչ ադեկվատ մարդու հույսին»,- նշեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս