
Թուրքիայում հնարավոր է վերականգնվի մահապատիժը

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը մահապատժի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների համատեքստում հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Արդարադատության նախարարը անմարդկային է որակել Թուրքիայում կանանց նկատմամբ իրականացվող բռնություններն ու հանցագործությունները:
«Այս հարցում և վարչական և դատական մարմինները նման մարդկանց արժանի պատիժը տալու են: Նախագահ Էրդողանի վերաբերմունքն այս հարցում պարզ է: Երբ խորհրդարանական նիստեր կգումարվեն, բոլորս ամեն տեսակ անհրաժեշտ լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի կանխենք այդ բռնությունները»,-ասել է Գյուլը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահապատժի վերականգնման և վերջին շրջանում Թուրքիայում ահագնացած կանանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ ասել էր. «Ես ի սրտե կողմ եմ մահապատժին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1983թ. հունվարի 23-ին Անկարայում կախաղան բարձրացվեց «ASALA»-ի մարտիկ Լևոն Էքմեքջյանը՝ Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանի վրա զինված հարձակում իրականացնելու մեղադրանքով։