«Նիկոլին ոչինչ չի հաջողվի, նա թող իր տերերին ասի, որ ոչինչ չի ստացվում». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հասկանալ, որ Ամուլսարը հայ ժողովրդի սիրտն է, ավելին, ըստ նրա՝ վերջերս վարչապետը Ծաղկաձորում հավաք է արել և կուսակիցներին կոչ արել, որպեսզի հանքի շահագործման հարցում սատարեն իրեն։

«Միևնույն է, նա կրկին նույն ճանապարհով  է գնում, ինչ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում, քանի որ բոլորս էլ վարչապետի տեսակետն այս հարցի հետ կապված գիտենք։ 6000 տարի մենք ապրել ենք առանց այդ կոնվենցիայի։ Բայց Նիկոլին ոչինչ չի հաջողվի, նա թող իր տերերին ասի, որ ոչինչ չի ստացվում։ Հայ ազգն այս խայծը կուլ չի տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Եղիազարյանը։

Նա նաև նկատեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործելու գործընթացն իրականանա, սակայն պետք է գիտակցի, որ այսօր վարչապետությունն իր ձեռքում է, և մարդիկ իրեն են ընտրել։

«Նա այսպես ազգը տանում է կործանման, այդպես վարվեց կամ կվարվի Արցախի հարցում, այդպես վարվեց Ամուլսարի հետ, Ստամբուլյան կոնվենցիայի, եթե, իհարկե, հասցնի, և նրան թույլ տան գնալ այդ քայլին։ Այսօր ով կասի, որ Ամուլսարը պետք է հանք լինի, ապա նա հայ ազգի դավաճանն է։ Բոլոր այն ՔՊ-ականները, որոնք ուրիշ կեցվածք ունեին և երկու տարի առաջ ուրիշ բան էին գրում հանքի համար, այսօր կամաց-կամաց սկսում են շողոքորթել, այսօր այն դարձել է քաղաքական կատեգորիա՝ հետևյալ խորագրի ներքո՝ մի հատ քեզ շողոքորթեմ, ազիզ ջան»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն բացատրություններին, որ Ամուլսարը պետք է շահագործեն, քանի որ արբիտրաժային դատարան դիմելուն պատրաստ չեն, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ջհանդամիս պատրաստ լինեն, այդպիսի բաներին են պատրաստ եղել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս