Աղտոտված չորս արագիլ սատկել է, հարուցվել է քրեական գործ
«Արարատի մարզի Հովտաշեն համայնքում, ցավոք, սատկել է աղտոտված չորս արագիլ։ Երկուսին հայտնաբերել էին դաշտում այն ժամանակ, երբ եղավ ահազանգ, իսկ մյուս երկուսը սատկեցին մաքրման աշխատանքների ժամանակ.թույլ էին, սթրեսին չդիմացան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ մաքրման աշխատանքներն ավարտվել են, 20 արագիլ մաքրվել է:
«Բոլորն այն արագիլներն էին, որոնք վատ էին թռչում, որովհետև կային արագիլներ, որ էլի աղտոտված էին, բայց կարողանում էին թռչել, երևի աղտոտվածությունը ոչ թե թևերի, այլ մարմնի փետուրների վրա էր ազդել: Անցած երեքշաբթի օրվանից դադարեցրել ենք նաև նրանց կերակրելը, որպեսզի ինքնուրույն կեր հայթայթեն»:
Հարցին՝ վերջնական պարզվե՞լ է, թե որն է եղել արագիլների աղտոտման պատճառը, Կարեն Աղաբաբյանը պատասխանեց, որ այո, ամենայն հավանականությամբ, թառափի թափոններն են պատճառը:
«Խոսքը վերաբերում է հատկապես այն թափոններին, որոնք առաջանում են ձկների մասսայական սպանդի ժամանակ: Այսինքն, ներքին օրգանները լցվում էին անմիջապես ջրանցք, առաջանում էր խցանում, իսկ արագիլները գալիս էին այդ ներքին օրգաններով սնվելու, մտնում էին այդ ճահճացած հատվածներն ու կեղտոտվում հենց ձկան յուղով: Թառափը շատ յուղոտ ձուկ է»,- մանրամասնեց Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուն:
Հարցին, թե ձկնաբուծարանների սեփականատերերը նկատողություն ստացե՞լ են, Կարեն Աղաբաբյանը պատասխանեց, որ հարուցվել է քրեական գործ:
Հավելենք, որ օգոստոսի 2-ից մեկնարկել էին Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների՝ հայտնաբերվել էին այդ օրգանական յուղերի կուտակումները:
Անի Կարապետյան