Բաժիններ՝

Իտալիայի նախագահը Կոնտեին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին եւ նրան հանձնարարել՝ կազմել նոր ազգային կառավարություն: Այդ մասին հայտնել է նախագահի դիվանատան գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին:

Ավելի վաղ Կոնտեի թեկնածությունն առաջադրել էին «5 աստղերի շարժումը» եւ նախկինում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որոնք կկազմեն նոր խորհրդարանական մեծամասնության հիմքը:

«Նախագահ Սերջո Մատարելլան ընդունել է Ջուզեպե Կոնտեին եւ նրան առաջարկել՝ կազմել կառավարություն, Կոնտեն մանդատն ընդունել է»,- ասել է Ձամպետին, որի ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է Rai պետական հեռուստատեսությունը:

Ներկայիս կառավարական ճգնաժամն սկսվել է օգոստոսի 8-ին, երբ փոխվարչապետ եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին Կոնտեին ծանուցեց խորհրդարանական մեծամասնության տրոհման մասին, որը «Լիգան» կազմում էր «Շարժման» հետ, եւ պահանջեց վաղաժամկետ ընտրությունների շուտափույթ անցկացում:

Արդյունքում Կոնտեն հարկադրված էր Մատարելլային պաշտոնաթողության խնդրագիր տալ, իսկ հանրապետության նախագահը նշանակեց կոնսուլտացիաներ, որոնք փակուղու դեպքում կարող էին ավարտվել խորհրդարանի արձակմամբ եւ նրա կողմից վաղաժամկետ ընտրությունների նշանակմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս